Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանում սոցիալական պարտատոմսերի պիլոտային ծրագիր են նախաձեռնում:Ծրագրի նպատակը Հայաստանի հյուսիսարեւմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզում փոքր տնտեսվարողների կյանքի բարելավումն է: Երկու հաստատությունները ստորագրել են սոցիալական պարտատոմս ստեղծելու մտադրության հուշագիր։ «Սոցիալական պարտատոմը ֆինանսավորման նորարարական գործիք է, որը ֆինանսական հաջողությունը կապում է չափելի սոցիալական արդյունքների հետ: Սոցիալական պարտատոմսերը ներդրումներ են ապահովում՝ կանխարգելիչ միջամտությունները ֆինանսավորելու միջոցով սոցիալական խնդիրները լուծելու համար։ Սոցիալական արդյունքների բարելավումից հետո ներդրողներին վերադարձվում են իրենց նախնական ներդրումները՝ գումարած փոխհատուցում իրենց վերցրած ֆինանսական ռիսկերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։Սա կլինի Հայաստանում ներդրված առաջին սոցիալական պարտատոմսը եւ այն ուղղված կլինի տեղական ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանն աջակցելուն: Սլովակիայի Հանրապետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում սոցիալական ֆինանսների ծառայություններին` հիմնվելով ՄԱԶԾ-ի կողմից պատրաստած իրագործելիության ուսումնասիրության արդյունքների վրա: «ՎԶԵԲ-ը եւ ՄԱԶԾ-ն ընդհանուր նպատակ ունեն՝ նպաստել Հայաստանում ագրոբիզնեսի զարգացմանը եւ տնտեսությունն առավել ներառական դարձնել: Այսօր մենք պաշտոնականացնում ենք մեր գործընկերությունը եւ օգտագործում մեր ուժերը՝ մասնավոր հատվածից ներդրումներ եւ գործողություններ ներգրավելու նպատակով: Ներառական եւ կայուն զարգացմանն աջակցելը Հայաստանում մեր առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: «ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանում կայուն զարգացմանը: Երկիրը առաջինն է լինելու, որտեղ կօգտագործվեն սոցիալական պարտատոմսերի նման նորարարական ֆինանսական մեխանիզմները` ազգային զարգացման գերակայությունների, այդ թվում` գյուղատնտեսության համար մասնավոր եւ պետական կապիտալի օգտագործման համար։ Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք այս գործընթացին»,- իր հերթին նշել է Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել դոնորներին եւ գործընկերներին այս համատեղ նախաձեռնությունը հաջողակ դարձնելու ջանքերի համար:ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է, ակտիվ է տնտեսության բոլոր հատվածներում: 1992թ.-ին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր, բանկը 1,47 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտների 187 նախագծերում, ընդ որում ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։ՄԱԶԾ-ն Միավորված ազգերի կազմակերպության առաջատար կազմակերպությունն է, որը պայքարում է աղքատությունը, անհավասարությունը եւ կլիմայի փոփոխությունը վերացնելու համար: Աշխատելով 170 երկրներում մեր փորձագետների եւ գործընկերների լայն ցանցի հետ՝ մենք օգնում ենք այդ երկրներին ստեղծել ինտեգրված, կայուն լուծումներ մարդկանց եւ ամբողջ մոլորակի համար: ՄԱԶԾ-ն Հայաստանում հիմնադրվել է 1993 թ. մարտին եւ աջակցում է կառավարությանը`իր զարգացման առաջնահերթությունները եւ Կայուն զարգացման նպատակները իրականցնելու գործընթացում։ Tweet Դիտում՝ 6193