Սերգեյ Գուրիեւ. Մտորումներ բացարձակ բազային եկամտի շուրջ

03.02.2021 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Գուրիեւ #բացարձակ բազային եկամուտ
Ներկայացնում ենք հատվածներ տնտեսագետ, Փարիզի Sciences Po. քաղաքական գիտությունների դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Սերգեյ Գուրիեւի հոդվածից՝ հրապարակված Harvard Business Review Russia կայքում։

COVID-19-ը մարդկության համար վերջին համավարակը չէ, եւ այն, ինչ մենք տեսանք 2020 թվականին, շատ հնարավոր է, տեսնենք կրկին: Կլիման փոխվում է: Փոխվում են նաեւ մարդու եւ բնության միջեւ հարաբերությունները: Հակաբիոտիկների դիմադրողականությունից հսկայական սպառնալիք կա: Մենք իսկապես պետք է մտածենք, թե ինչ անել այս տարվա դասերի հետ, եւ առաջին պլան եկած խնդիրներից մեկը բացարձակ բազային եկամուտն է:

Այս թեմայի շուրջ խոսում էին մինչեւ 2020 թվականը եւս, բայց, որպես կանոն, ապագա գործազրկության համատեքստում, օրինակ, ռոբոտացման հետեւանքով: Ի՞նչ անել, ասենք, 50 տարեկան այն մարդկանց հետ, ովքեր կորցրել են հանքագործի աշխատանքը եւ իրենց կյանքում այլեւս ոչ մի աշխատանք չեն գտնի: Ինչպե՞ս անել, որ նրանց կյանքի որակը շատ չընկնի, եւ որպեսզի նրանց երեխաների կյանքի որակն ու հնարավորությունները նույնպես քիչ թե շատ համադրելի լինեն ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաների հետ:

Բացարձակ բազային եկամտի մասով կան մի շարք փորձարկումներ, որոնք ցույց են տալիս մի քանի բան: Նախ՝ ռիսկերն առ այն, որ բացարձակ բազային եկամուտ ստացողները կդադարեն աշխատանք փնտրել եւ աշխատել, դեռեւս չեն հաստատվել տվյալներով: Բացարձակ բազային եկամուտ ստանալուց հետո մարդիկ շարունակում են աշխատանք փնտրել եւ շարունակում աշխատել: Եվ դա պայմանավորված է նրանով, որ բացարձակ բազային եկամուտը շարունակում է մնալ «բազային». այն շատ ցածր է, որպեսզի մարդը պարզապես գոհ ու երջանիկ լինի եւ ոչինչ չանի: Բազային եկամուտը բավարար է միայն սովից չմահանալու համար: Խոսքը ամսական մոտ $1000-ի մասին է ԱՄՆ-ում եւ շուրջ €500-700՝ Եվրոպայում: Սրանք այն գումարներն են, որոնք թույլ են տալիս գոյատեւել, բայց թույլ չեն տալիս լավ ապրել:

Բացարձակ բազային եկամուտի վերաբերյալ այլ կասկածներ էլ կան: Կարո՞ղ է արդյոք այնպես պատահել, որ այս եկամուտը ստացողները գումար ծախսեն ոչ թե առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ ալկոհոլային խմիչքների կամ ինչ-որ այլ վնասակար բաների վրա: Մեր փորձարկումներում մենք ոչ մի նման բան չենք տեսնում: Մարդիկ այս փողերը ծախսում են սննդի, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորության վրա:

Կա եւս մեկ հարց. կարո՞ղ ենք արդյոք մեզ բացարձակ բազային եկամուտ թույլ տալ: Կարո՞ղ ենք արդյոք մեծ գումար ծախսել՝ ի լրումն արդեն իսկ գոյություն ունեցող սոցիալական ծրագրերի: Եթե բազային եկամուտը ներդրվում է որպես լրացում եղած ծրագրերին, ապա աշխարհի ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ տալ այնքան բարձրացնել հարկերը, որ այսօր յուրաքանչյուր մարդու ամսական $1000 վճարի: Բայց արդյո՞ք հնարավոր է անել այնպես, որպեսզի եղած սոցիալական ծրագրերը փոխարինվեն բազային եկամտով: Այս դեպքում, բնականաբար, գումար չի հերիքի: Գլխավոր հարցն այստեղ այն է, թե ո՞ր սոցիալական ծրագրերը պետք է չեղարկվեն, իսկ որոնք՝ մնան: Հասկանալի է, որ բացարձակ բազային եկամտի ներդրման դեպքում հնարավոր է ամբողջությամբ վերացնել, օրինակ, գործազրկության նպաստները: Միգուցե հնարավոր է չեղարկել նաեւ որոշ այլ վճարումներ: Բայց հնարավո՞ր է արդյոք չեղարկել բոլոր նպաստները: Հենց սրա շուրջ է ամբողջ բանավեճը:

2020 թվականը մեզ թույլ տվեց մի փոքր այլ տեսանկյունից դիտարկել բացարձակ բազային եկամտի գաղափարը: Համավարակի ընթացքում զարգացած եւ զարգացող երկրներում եւ նույնիսկ Ռուսաստանում քաղաքացիներին տրամադրված աջակցության շատ գործիքներ եղել են նպաստների տեսքով, որոնք նման են բացարձակ բազային եկամտին: Բայց այն ոչ մի տեղ գոյություն չուներ իր մաքուր տեսքով: Ոչ մի տեղ չի ասվել, որ մենք այսքան գումար կտանք բոլոր քաղաքացիներին՝ առանց բացառության: Այնուամենայնիվ, մենք այսօր կարող ենք օգտագործել 2020թ. տվյալները՝ մտածելու համար ապագայում բազային եկամտի ներդրման շուրջ:  

Իմ կարծիքով, առնվազն զարգացած երկրներն ունեն բավարար միջոցներ, որպեսզի այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդ ազատվի սովից: Եվ, իհարկե, ցանկալի կլիներ ապրել մի աշխարհում, որտեղ մարդը կարիք չի ունենա մտահոգվելու սննդի համար գումար հայթայթելով: Արեւմտյան երկրներում կա գումար՝ յուրաքանչյուր մարդուն ասելու համար. «Ինչ էլ չպատահի, մենք հոգ կտանենք քո մասին»:

Բացարձակ բազային եկամտի մեկ այլ առավելությունը բյուրոկրատիայի կրճատումն է: Դրա ներդրմամբ այլեւս կարիքը չի լինի այն չինովնիկների, ովքեր որոշում են՝ արդյոք դժվար իրավիճակում հայտնված մարդիկ արժանի են նպաստի: Փոխարենը՝ յուրաքանչյուր մարդ պարզապես ստանում է ամեն ամիս մի փոքր գումար, իսկ բյուրոկրատիան վերանում է:

Բայց ամենակարեւորը նույնիսկ սա չէ, այլ այն, որ մարդկանց սովից փրկելով՝ պետությունը նրանց տալիս է ինքնաիրացման ազատություն: Ցանկացած աշխատանքից բռնվելու փոխարեն՝ մարդիկ կմտածեն, թե ինչպես ներդրում կատարել նոր հմտությունների մեջ եւ ավելի հարմար բան փնտրել: Այս քայլերը կհանգեցնեն եւ հնարավորությունների հավասարեցմանը, եւ աշխատաշուկայի արդյունավետության բարձրացմանը, քանի որ յուրաքանչյուր մարդ հասկանալու է, թե ինչպես գտնել իրեն այս աշխարհում: Կարծում եմ, սա լավ գաղափար է, եւ 2020 թվականը, միգուցե, մի փոքր կմոտեցնի մեզ դրա իրականացմանը:
Դիտում՝ 1910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW