Նանա Հովհաննիսյան. Քոուչինգն օգնում է դուրս գալ սահմանափակումներից

03.02.2021 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նանա Հովհաննիսյան #քոուչինգ #դասընթաց
Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրեցօր զարգանում է քոուչինգը` որպես անհատի ներքին ներուժի բացահայտման ու զարգացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:

Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), բիզնեսի կառավարման խորհրդատու, աշխարհի առաջատար` Erickson International քոուչինգ-դպրոցի Հայաստանի ներկայացուցիչ Նանա Հովհաննիսյանը լրագրողների համար երեկ վարել է «Քոուչինգ եւ ժուռնալիստիկա» թեմայով դասընթաց:

Banks.am-ը ներկայացնում է միջոցառման մանրամասները:

Նանա Հովհաննիսյանն ունի կառավարման խորհրդատվության ավելի քան 19 տարվա փորձ տարբեր երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ռումինիա, Լյուքսեմբուրգ), զբաղվել է առաջնորդության զարգացման, աշխատուժի արդյունավետության բարձրացման, կորպորատիվ մշակույթի բարելավման, մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրերի եւ մեթոդաբանության մշակմամբ ու իրականացմամբ: Նա զբաղվում է քոուչինգով ավելի քան 7 տարի:

Հանդիպում-դասընթացի ժամանակ Նանա Հովհաննիսյանը լրագրողների հետ քննարկել է մասնագիտական գործունեությունում կարեւոր մի շարք հարցեր՝ ինչպես ձեւավորել սեփական ապագայի տեսլականը, նպատակը դարձնել իրականություն, վերաիմաստավորել մասնագիտական ուղղին, լինել լուծումակենտրոն, բացահայտել զրուցակցի իրական նպատակները, արդյունավետ հաղորդակցվել անգամ ամենաբարդ զրուցակցի հետ: Ակտիվ հարց ու պատասխանի միջոցով դասընթացն անցել է դինամիկ եւ արդյունավետ:


Դասընթացը հնարավորություն էր նաեւ հասկանալու՝ ինչ է իրականում քոուչիինգը՝ դեն նետելով մի շարք կարծրատիպային մոտեցումներ: Քոուչինգի միջազգային ֆեդերացիան այն սահմանում է որպես ստեղծարար համագործակցության սկզբունքների վրա կառուցված գործընթաց, որի նպատակն է խթանել ներգրավված մասնակիցների մտածողությունն ու ստեղծարարությունը՝ հնարավորություն տալով բացահայտել մասնագիտական եւ անձնային ամբողջ ներուժը, կյանքում իրականացնել նշանակալի եւ իմաստալից փոփոխություններ:

«Քոուչինգում դու սովորում ես մեթոդներ ու զարգացնում քո կարողունակությունները: Օրինակ՝ կարողանում ես լսել շատ ավելի խորը մակարդակում, հասկանալ նաեւ տողատակերը՝ լսելով այն, ինչը չի ասվում: Սովորում ես լսել նաեւ լռությունը: Կարեւոր է շեշտել, որ քոուչինգում չկա մանիպուլացիա, որովհետեւ միշտ հաճախորդն է ընտրում՝ դեպի ուր զարգանալ: Եվ ընդհակառակը, այն օգնում է մարդկանց լինել գիտակից, զգալ մանիպուլացիաները եւ չկառավարվել»,- մանրամասնում է Նանա Հովհաննիսյանը:



Քոուչինգը համեմատաբար նոր ոլորտ է եւ այն հաճախ շփոթվում են այլ օգնող մասնագիտությունների հետ, որոնցից են թրեյնինգը, հոգեբանությունը, խորհրդատվությունն (consulting), mentoring-ը: Բայց դրանց եւ քոուչինգի միջեւ կան էական տարբերություններ:

«Օրինակ՝ թրեյնինգի դեպքում թրեյները փոխանցում է այն գիտելիքը, որն ինքն ունի: Խորհրդատուն տեսնում է խնդիրն ու ուղղություն ցույց տալիս՝ ինչպես լուծել այն: Մենթորը փոխանցում է իր փորձը, որն ունի կոնկրետ ոլորտում, եւ այստեղ շատ կարեւոր է հաճախորդի հետ միեւնույն մասնագիտացումն ունենալը, մինչդեռ քոուչինգում այդպես չէ: Օրինակ՝ իմ հաճախորդը կարող է լինել աստրոֆիզիկ եւ քոուչինգի մեթոդների կիրառմամբ հանգել մի լուծման, որից ես ոչինչ չհասկանամ: Դու այդտեղ ես իր համար, դու հայելի ես: Քոուչն օգնում է, որ մարդը սկսի մտածել այն ուղղություններով, որոնց մասին նախկինում չի մտածել»,- ասում է Նանա Հովհաննիսյանը:


Նա հավելում է, որ թեեւ քոուչինգում կիրառվող հարցերը կարող են նման լինել մյուս օգնող մասնագիտությունների մեթոդներին, միեւնույն է, արդյունքը բոլորովին տարբեր է: Քոուչը կենտրոնանում է ռեսուրսի վրա, ինչը հեշտ է հասկանալ հայտնի աֆորիզմով՝ «To see the gold in the rock», այն է՝ կարողանալ տեսնել անհատում առկա ռեսուրսն ու օգնել երեւան հանել այն:

«Եթե մարդու մտքով մի բան անցել է, ուրեմն նա ունի դրա իրականացման հնարավորությունը: Շատ հաճախ մարդիկ իրենք են իրենց սահմանափակում, սակայն մարդը պետք է իրեն թույլ տա երազել, նպատակ դնել ու գնալ առաջ: Քոուչինգն օգնում է դուրս գալ սահմանափակումներից»,- ընդգծում է Նանա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պետք է ձերբազատվել ավելիի մասին երազելու վախից:

Նրա խոսքով՝ Հայաստանում քոուչինգը լայնորեն կիրառվում է միջազգային ընկերություններում եւ դրանով հետաքրքրված են հիմնականում ուսուցմամբ զբաղվող ոլորտները:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 4575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW