Նանա Հովհաննիսյան. Յուրաքանչյուրի մեջ կա լույս եւ հնարավորություն ավելիին հասնելու

25.09.2020 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Նանա Հովհաննիսյան #քոուչինգ #ERICKSON ARMENIA
Քոուչինգը համարվում է անձի ներուժի եւ տաղանդի բացահայտման ու զարգացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: Մասնագիտությունն օրեցօր զարգանում ու տարածվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Քոուչինգի առանձնահատկությունների, Հայաստանում քոուչինգի զարգացման մակարդակի եւ տարածված կարծրատիպերի մասին, ինչպես նաեւ առաջիկայում Հայաստանում կայանալիք քոուչինգ-թրեյնինգի մասին զրուցել ենք Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), Գործադիր (Executive) եւ թիմային քոուչինգի որակավորված մասնագետ, կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի կողմից՝ բիզնեսի կառավարման որակավորված խորհրդատու Նանա Հովհաննիսյանի հետ:

Նանա Հովհաննիսյանն ունի Կառավարման խորհրդատվության ավելի քան 19 տարվա փորձ տարբեր երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ռումինիա, Լյուքսեմբուրգ), զբաղվել է առաջնորդության զարգացման,աշխատուժի արդյունավետության բարձրացման, կորպորատիվ մշակույթի բարելավման, մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրերի եւ մեթոդաբանության մշակմամբ ու իրականացմամբ:

- Մինչեւ քոուչինգով զբաղվելը գործունեություն եք ծավալել տարբեր ոլորտներում: Պատմեք անցած ուղու մասին, ինչպե՞ս Ձեզ համար բացահայտեցիք քոուչինգը:

- Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Իմ ուսանողական տարիներին էին, երբ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կարգավիճակը փոխվեց եւ դարձավ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան, այդ պատճառով երբեմն մեզ համարում ենք հենց ԵՊՏՀ-ի առաջին շրջանավարտներ...ուսանողական հետաքրքիր ու հագեցած տարիներ եմ ունեցել: Համալսարանն ավարտելուց հետո MBA կուրս եմ անցել շվեյցարական բիզնես դպրոցում (Master of business administration, Swiss business school): Տարբեր կառույցներում եմ աշխատել, եւ աշխատանքիս բնույթն այնպիսին էր, որ անընդհատ վերապատրաստումների, ուսուցողական ծրագրերի ու սերտիֆիկացման կուրսերի էի մասնակցում, ինքս կազմակերպում տարբեր թրեյնինգներ, եւ զուգահեռաբար փորձում էի գիտելիքներ ձեռք բերել ամեն ոլորտից, գտնել ինձ համար հոգեհարազատը:

2000-2005 թվականներին աշխատել եմ «Մարիոթ» հյուրանոցում: Ինձ համար մեծ պատիվ է, որ մասնակից եմ եղել «Արմենիա» հյուրանոցից դեպի «Մարիոթ» վերաբրենդավորման գործընթացին: Հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ բարդ շրջան էր. նախ «Մարիոթ»-ը որպես բրենդ նորություն էր Հայաստանում, եւ այդ տարիներին հյուրանոցային ոլորտի զարգացման նախաձեռնությունը հենց «Մարիոթ»-ը ստանձնեց. մեծ պատասխանատվություն էր նման կառույցում աշխատելը: Եվ հետո, նորություն էր նաեւ դասընթացավարի՝ թրեյների գործունեությունը: Այդ տարիներին, երբ ներկայանում էի որպես թրեյներ, մարդիկ հարցնում էին, թե ինչ սպորտաձեւի (ժպտում է.- խմբ.): Հեշտ չէր զարգանալ, կայանալ, նոր մասնագիտության հիմք դնել ու մշակույթ ձեւավորել մի միջավայրում, որտեղ չկա մրցակցություն: Այդուհանդերձ՝ ինձ համար շատ կարեւոր ու նշանակալի տարիներ են եղել, բազմաթիվ որակներ ու արժեքներ հենց այդ ժամանակ եմ ձեռք բերել, որոնք հետագայում ուղղորդող են եղել ինչպես անձնական կյանքում, այնպես էլ մասնագիտական ուղին կառուցելու ընթացքում:

Ձախողումներ, իհարկե, եղել են, եւ  ես  երբեք չեմ  խուսափում դրանց մասին խոսելուց, որովհետեւ մենք  հենց  մեր սխալների վրա ենք սովորում. ձախողումը մեծ արժեք է: Բայց հաջողություններս էլ մեկ գաղտնիք ունեն. ոչ թե գնահատողի, այլ վերլուծողի ու բացահայտողի աչքերով միշտ նայում եմ առաջ՝ դեպի նոր հնարավորություններ:

Բնույթով բաց ու պրպտող եմ, միշտ ձգտում եմ դեպի զարգացում ու նորի բացահայտում: Սովորաբար այն, ինչ սիրում ես կամ քեզ դուր է գալիս դիմացինի մեջ, վստահաբար կա նաեւ քո մեջ: Այս հետաքրքրասիրությունն ու սերն է ինձ դրդել, որպեսզի անընդհատ փնտրեմ, խորանամ այն ամենի մեջ, որտեղից ձգողության ուժ եմ  զգացել: Հենց այսպես էլ սկսվել է գործունեությունս մարդկային ռեսուրսների կառավարման (HR) եւ consulting ծառայությունների ոլորտներում: HR ոլորտ մուտք գործելն ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ ուզում էի խորը ուսումնասիրություններ կատարել, հենց ներսից ճանաչել ոլորտի առանձնահատկությունները, առավելություններն ու բացերը: Բավականին փորձ կուտակելուց հետո հասկացա, որ ժամանակն է նաեւ սեփական ընկերությունն ունենալ եւ հիմնեցի 818 Consulting խորհրդատվական կազմակերպությունը: Հիմա աշխատում եմ բոլոր ուղղություններով էլ՝ եւ´ HR, եւ´ թրեյնինգներ, եւ´ խորհրդատվություն: Բայց, կարելի է ասել, երկար տարիների «դեգերումներից» հետո հասկացա, որ ամենաարդյունավետ ու հոգեհարազատ ուղին ինձ համար քոուչինգն է:

- Հայաստանում քոուչինգը համեմատաբար նոր ուղղություն է: Ի՞նչ է իրականում քոուչինգը:

- Քոուչինգն այսօր ԱՄՆ-ում ամենաարագ զարգացող մասնագիտությունների շարքում երկրորդն է: Այն շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում եւ Հայաստանում էլ դրա զարգացումն անխուսափելի է: Այս գործընթացում ինձ համար ամենակարեւորը մասնագիտության մաքրությունը պահպանելն է, որի համար արդյունավետ ուղին Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կանոնակարգերով ու սկզբունքներով առաջնորդվելն է: Հայաստանում քոուչինգի մասին որոշակի կարծրատիպեր կան, եւ մարդիկ էլ հաճախ են շփոթում այլ մասնագիտությունների ու ոլորտների հետ: Ուստի, բացատրելու համար, թե ինչ է քոուչինգը, ավելի ճիշտ է համեմատել ու ասել, թե այն ինչ ՉԷ: Գոյություն ունեն մի քանի ուղղություններ, որոնք ամենահաճախն են շփոթում ու ասոցացնում քոուչինգի հետ: Օրինակ՝ թրեյնինգը, հոգեբանությունը կամ խորդատվությունն (consulting)-ն ու mentoring-ը: Բայց դրանց եւ քոուչինգի միջեւ կան էական տարբերություններ:

Օրինակ՝ թրեյնինգում երկու օղակ կա՝ ինֆորմացիա կրող, փոխանցող եւ ինֆորմացիան ստացող: Թրեյները փորձի եւ գիտելիքի հիման վրա, որոշակի թեմաների շուրջ կարող է ասել, թե ինչպես է ճիշտ գործելը, ինչ քայլեր պետք է ձեռնարկել հաջողության հասնելու համար: Հոգեբանը կամ հոգեվերլուծաբանը կենտրոնանում է խնդիրների վրա, փորձում բացահայտել դրանց էությունը: Խորհրդատուն էլ կատարում է որոշակի ուսումնասիրություններ, եւ նշում, թե որտեղ է խնդիրը, ինչի վրա պետք է կենտրոնանալ: Իսկ քոուչինգի նպատակն առկա ռեսուրսը բացահայտելն ու հենց դրա ուղղությամբ աշխատելն է: Քոուչինգի մեթոդը կիրառելը չի նշանակում  աչք փակել խնդիրների վրա, այն պարզապես օգնում է առկա ռեսուրսն ուղղել հենց այդ խնդիրների լուծմանը: Սովորաբար, որտեղ կենտրոնացնում ես ուշադրությունդ, այդտեղ էլ ուղղվում է ամբողջ էներգիան: Ուստի ինչո՞ւ չերազել եւ չգնալ դրանց իրականացման հետքերով եւ կենտրոնանալ ոչ թե խնդրի, այլ դրա լուծման ուղղությամբ: Քոուչիգի շնորհիվ ոչ թե հետեւում ես ինչ-որ ստանդարտ մեթոդի, այլ ինքդ ես ստեղծում քո արդյունավետ մոդելը, քո իսկ ռեսուրսների բազայի հիման վրա:

Հաճախ տարանջատում են նաեւ քոուչինգի ուղղություններ՝ բիզնես-քոուչինգ, լայֆ-քոուչինգ եւ այլն: Իրականում քոուչինգը գործիքների ամբողջությունն է, եւ այդ գործիքներին տիրապետելով, կարելի է աշխատել եւ´ բիզնեսի, եւ´ անձնական խնդիրների լուծման ուղղությամբ:

Առհասարակ, յուրաքանչյուրիս գործողությունների հիմքում երկու հզոր ուժ է՝ սեր եւ վախ: Մենք ինչ-որ բան անում կամ չենք անում այս երկուսից դրդված, իսկ  վախերի եւ հետ վանող երեւույթների վրա մեծ էներգիա ենք վատնում: Շատ բարդ է որոշում կայացնելը, բայց ամեն ինչ սկսվում է հենց այդ պահից, որովհետեւ մեր բազմաթիվ հիմնախնդիրները, դեպրեսիվ իրավիճակները չկայացված որոշումների արդյունք են: Ե´վ թրեյների, եւ´ հոգեբանի, եւ´ քոուչի նպատակը, ըստ էության, նույնն է. հասնել լուծման որոշակի կետի: Պարզապես ճանապարհներն ու մեթոդներն են տարբեր, մնացած բոլորն ուսումնասիրելուց հետո բացահայտեցի, որ ինձ համար ամենաուղիղ ճանապարհը քոուչինգն է:

40 տարվա փորձառության, մեր կողմից մշակված զարգացման ծրագրերի, մասնավորապես ICF-ի կողմից հավատարմագրված նորարարական դասընթացների եւ պարզապես զրույցի միջոցով մենք փոխում ենք աշխարհը, օգնում սահմանել նպատակներ ու հասնել դրանց:

Շատ արդյունավետ է թիմերի հետ քոուչինգը, որովհետեւ բիզնեսի ներուժը «թաքնված է» հենց թիմում: Թիմը յուրահատուկ համակարգ է, որի հետ աշխատելու ճիշտ մեթոդների շնորհիվ կարելի է գտնել նպատակներին հասնելու արդյունավետ ճանապարհը:

Յուրաքանչյուրի մեջ կա լույս եւ հնարավորություն ավելիին հասնելու: Իմ կարծիքով՝ դեպի այդ լույս տանող ամենակարճ մեթոդը հենց քոուչինգն է: Այն օգնում է իրական ռեսուրսը զտել անցանկալիից եւ լույս գցել կարեւորի ու անհրաժեշտի վրա: Արդյունքում, երբ տեսնում ես քո ճանապարհը, նպատակն ու լուսավոր կետը, արդեն հստակ ու ամուր քայլերով գնում ես դրան ընդառաջ: Հենց սա եմ համարում կյանքում իմ առաքելությունը՝ բացահայտել լույսը, ապրել դրանով ու դրա հետ ներդաշնակ:

- Տեղյակ ենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի է ունենալու ERICKSON ARMENIA-ի կողմից կազմակերպված քոուչինգի դասընթացը: Պատմեք միջազգային դպրոցի հայաստանյան ներկայացչության եւ առաջիկա միջոցառման մասին:

- ERICKSON INTERNATIONAL-ը 1980 թ.-ից գործող, աշխարհում քոուչինգի առաջատար դպրոցներից է եւ իր մասնաճյուղերն ունի 85 երկրում: ERICKSON INTERNATIONAL-ը Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված ու հավատարմագրված եզակի կառույցներից է, որն առաջնորդվում է աշխարհում ընդունված նորմերով եւ էթիկայի կանոնագրով: ERICKSON-ի հետ իմ ծանոթությունը սկսվել է դեռեւս 2007 թվականից, երբ առաջին անգամ առաջարկ ստացա դառնալ ERICKSON INTERNATIONAL-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Բայց այդ ժամանակ դեռ այդչափ չէի ուսումնասիրել քոուչինգը. ակտիվորեն զբաղվում էի թրեյնինգներով եւ մարդկային ռեսուրսների կառավարմամբ: Հետո սկսեցի աշխատել հայկական բիզնես ոլորտում՝ խորն ուսումնասիրելու, առանձնահատկություններին ծանոթանալու համար: 818 Consulting-ը հիմնելուց հետո զուգահեռաբար սկսեցի խորապես ուսումնասիրել քոուչինգը: Մասնակցեցի Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի եւ տարբեր քոուչինգ դպրոցների թրեյնինգներին, ստացա համապատասխան որակավորումներն ու հավատարմագրումը: Այս երկար ճանապարհը ես անցել եմ մոտ 5 տարվա ընթացքում, ստացել եմ անհրաժեշտ սերտիֆիկացիաներն ու վերադարձել Հայաստան՝ ինձ հետ բերելով միջազգային լավագույն փորձն ու այս մասնագիտության «ամենամաքուր տեսակը»՝ այն մեր երկրում էլ հասանելի դարձնելու նպատակով: Եվ, երբ երկրորդ անգամ առաջարկ ստացա ERICKSON INTERNATIONAL-ից, սիրով համաձայնեցի, որովհետեւ արդեն պետք էր եւ ժամանակն էր իմ ներդրումն ունենալ Հայաստանում այս կարեւոր մասնագիտության հիմքերի ամրապնդման գործում:

ERICKSON ARMENIA-ի կողմից մշակված հատուկ ծրագիրը թույլ է տալիս այդ երկար ճանապարհն անցնել  շատ ավելի կարճ ժամանակահատվածում. նույն բովանդակությամբ ծրագիրը 4 մոդուլի փոխարեն հնարավոր է անցնել 2 մոդուլով՝ ավելի մատչելի պայմաններով, եւ ստանալ նույն հմտություններն ու գիտելիքները: Մենք նաեւ աշխատում ենք ծրագիրն ամբողջությամբ հայերեն թարգմանելու ուղղությամբ, որպեսզի այն հասանելի լինի բոլոր խմբերին:

Քոուչինգի միջազգային ֆեդերացիան մշակել է որակավորման տարբեր մակարդակներ, որոնց հասնելու համար հստակ պահանջներ եւ ստանդարտներ են դրված: Ամենավերին մակարդակը MCC-ն է, եւ հոկտեմբերին կայանալիք թրեյնինգը վարելու է հենց MCC որակավորում ունեցող մասնագետ: Նշեմ, որ պետության մակարդակով կրթական կառույցների ներկայացուցիչները եւս գիտակցում են քոուչինգի կարեւորությունն ու նշանակությունն այդ ոլորտի զարգացման գործում: Ունենք հետաքրքրվածություն քոուչինգ-թրեյնինգների նկատմամբ նաեւ ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների կողմից, եւ սա շատ ողջունելի է:

Քոուչինգը շատ կարեւոր գործիքակազմ է նաեւ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների եւ ընկերությունների համար: ՏՏ-ն  մենեջմենթային ճկուն համակարգով աշխատող ոլրոտ է, եւ այդ համակարգի ու քոուչինգի մեթոդաբանության ու փիլիսոփայության մեջ զուգահեռներ կան: Երբ թիմի ղեկավարները քոուչինգի միջոցով ձեռք են բերում որոշակի հմտություններ եւ տիրապետում են գործիքներին, կարողանում են ապահովել ավելի արդյունավետ ու պրոդուկտիվ աշխատանք ամբողջ թիմի ներսում:

ERICKSON ARMENIA-ի քոուչինգ թրեյնինգը բոլորի համար է` բիզնեսի ղեկավարների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների, հոգեբանների, պետական եւ ոչ պետական կառույցների, կրթական հաստատությունների, եւ պարզապես այն անհատների, ովքեր ցանկություն ունեն դառնալու այնպիսին, ինչպիսին ուզում են, գնալ այն ճանապարհով, որով ուզում են:
Դիտում՝ 35168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW