ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իրեն որպես գործունեության ոլորտ հետաքրքրում է գինեգործությունը, եւ կատակել, որ նախագահական իր կարիերայի ավարտից հետո իրավախորհրդատու կաշխատի այս ոլորտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Ես դրանով մի օր կզբաղվեի․ դա կլիներ ոչ թե բիզնես, այլ գործունեության տեսակ: Ես ունեմ խորհրդական՝ Բորիս Տիտովը (Ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հանձնակատար - Banks.am), ում պատկանում է «Աբրաու-Դյուրսո»-ն: Միգուցե, երբ ավարտեմ նախագահի աշխատանքը, արդեն ես գնամ իր մոտ խորհրդական, բայց ոչ թե որպես բիզնեսմեն, այլ իրավունքի բնագավառի մասնագետ։ Հիմա մենք այդ ոլորտում օրենք ենք ընդունել, եւ ես դրանում ինչ-որ բան սկսել եմ հասկանալ»,- կատակել է Պուտինը։ Տիտովն էլ իր հերթին ասել է, որ չեր հրաժարվի խորհրդականից` ի դեմս նախագահի: «Կարծում եմ, աշխարհում չկա մի գործարար, որը կհրաժարվեր նման առաջարկից: Ավելին, կարող եմ ասել, որ իրավունքի մակարդակում Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի գինեգործությունը, քանի որ ստորագրել է գինեգործության մասին օրենքը, որն այսօր ամբողջությամբ գործում եւ փոխում է գինեգործության կառուցվածքը Ռուսաստանում»,- ասել է Տիտովը:Պուտինի այս կատակից հետո «Աբրաու-Դյուրսո»-ի բաժնետոմսերի արժեքը Մոսկովյան բորսայում ավելացել է 10,83%-ով՝ մինչեւ 220 ռուբլի մեկ արժեթղթի համար։ «Աբրաու-Դյուրսո»-ն փրփրուն գինիների առաջատար արտադրողն է Ռուսաստանում՝ թվագրվում է 1870 թվականից: Արտադրանքն արտահանվում է 19 երկիր: Tweet Դիտում՝ 1967