Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) միջեւ երկամյա համագործակցությունը նշանակալի արդյունքներ է գրանցում։ Ծավալուն եւ տեւական աշխատանքների արդյունքում Եվրասիական զարգացման բանկը հաստատել է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ին տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիր, որի վերաբերյալ պայմանագիրը երկու կողմերի միջեւ կնքվեց 2020թ. դեկտեմբերի 29-ին։ Պայմանագրով ԵԱԶԲ-ն նախատեսում է ֆինանսավորել Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային նոր համակարգի եւ տեխնիկական միջոցների վերազինման ու ներդրման հետ կապված ծախսերի հիմնական մասը։ Առեւտրի նոր համակարգը արդիական եւ միջազգային ստանդարտներին համապատասխան առեւտրային ծրագրային ապահովումից բացի նաեւ հնարավորություն կտա ցանկացած ներդրողի բրոքեր-դիլերի միջոցով ուղիղ հասանելիություն ստանալ բորսայի առեւտրային հարթակներին եւ իրականացնել առցանց իրական ժամանակում առեւտուր։ Վերջինս ամենակարեւոր նախադրյալներից մեկն է հանդիսանում 21-րդ դարի ժամանակակից բորսայական ծառայությունների որակի եւ գրավչության տեսանկյունից` միջազգային ներդրողներին հնարավորություն տալով առեւտուր իրականացնել բորսայում իրենց տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։ Կարեւորելով Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվելիք այս ծրագիրը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Տեխնոլոգիական արդիականացումը Հայաստանի ֆոնդային բորսայի առաջնահերթությունն է, քանի որ բորսայի հաջողության նախադրյալներից մեկը հանդիսանում է բորսայի հասանելիությունը առեւտուր իրականացնողների լայն շրջանակին։ Մենք բարձր ենք գնահատում Եվրասիական զարգացման բանկի աջակցությունը՝ զարգացնելու Հայաստանի կապիտալի շուկան։ Առեւտրային նոր համակարգի ներդրումը կնպաստի բորսայական առեւտրի մասնակիցների թվաքանակի ավելացմանը, շրջանառվող արժեթղթերի եւ առեւտրի ծավալի աճին, նոր բորսայական ծառայությունների ներդրմանը, ինչպես նաեւ կմեծացնի ընկերությունների հետաքրքրությունը՝ ցուցակվելու եւ թողարկելու արժեթղթեր, քանի որ առեւտրի թույլատրված արժեթղթերը հասանելի են լինելու ներդրողների լայն շրջանակների, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Տվյալ գործոններն, անշուշտ, կնպաստեն բորսայի հիմնական ֆինանսական ցուցանիշների էլ ավելի բարելավմանը»։Եվրասիական զարգացման բանկի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելկիկյանը, ընդգծելով ծրագրի միջազգային նշանակությունը, մասնավորապես ասել է․ «Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնոլոգիական արդիականացումը հնարավորություն կտա հաջողությամբ ինտեգրել AMX-ի բորսայական ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական շուկաներին՝ նպաստելով կապիտալի շուկայում ներդրումների աճին եւ առեւտրի ծավալների մեծացմանը»։Հայաստանի ֆոնդային բորսայի մասին AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է՝ հանդիսանալով նաեւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առեւտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի եւ կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: Tweet Դիտում՝ 3389