ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի շրջանակներում հայտարարված 5-րդ փուլի մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 27 բիզնես-հայտեր։Հաղթող ճանաչված յուրաքանչյուր կազմակերպությանը, 50% համաֆինանսավորման սկզբունքով, կտրամադրվի մինչեւ 25 մլն դրամ գումարի չափով դրամաշնորհ՝ արտադրական կարողությունները զարգացնելու եւ արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:Դեկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:«Ագրովերմշակող ձեռնարկություններին կառավարությունը մի քանի գործիքների միջոցով է աջակցություն տրամադրում։ Օրինակ, 2020թ. գյուղատնտեսության զարգացման ծրագրերով միայն ագրովերամշակման ոլորտի սարքավորումների ձեռքբերման նպատակով տրամադրվել է 5,5 մլրդ դրամի լիզինգ, ինչը 2 անգամ ավել է, քան 2019 թվականին։ Այս ծրագրի շրջանակում 2020թ. պայմանագրեր կնքվեցին 30 վերամշակող կազմակերպության հետ, որից 17-ում արդեն ներդրվել են ISO-22000 եւ HACCP սննդի անվտանգության համակարգեր»,- նշել է Արման Խոջոյանը։ Նա հույս է հայտնել, որ մինչեւ գյուղատնտեսական արտադրական սեզոնի սկիզբը կազմակերպությունները կկարողանան ձեռք բերել սարքավորումները, վերազինել իրենց արտադրությունները, կազմակերպել առավել արդյունավետ արտարդրություն եւ լինել ավելի մրցունակ շուկաներում։Ծրագրի շրջանակում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ պատշաճ ձեւով գրանցված գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ եւ բավարարում են ծրագրի համապատասխանության եւ ընտրության չափանիշներին։ Tweet Դիտում՝ 2453