Կառավարությունն այսօր հաստատել է Ադրբեջանի սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման եւս մեկ ծրագիր:Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձեւով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 200 000 դրամի չափով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարութան այսօրվա նիստում պարզաբանել է. «Համաձայն «Զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» օրենքի՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից աջակցություն են ստանում հաշմանդամություն ստացած անձինք, սակայն հաշվի առնելով, որ այն որոշակի ժամանակ է պահանջում՝ կապված նրանց առողջական գործընթացի հետ, առաջարկվում է՝ այն հիվանդությունների գծով, որոնց դեպքում ակնհայտ է, որ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչեւ այդ խմբի ստացումը, հնարավորություն ունենան ստանալ աջակցություն:Այսինքն՝ հիմնադրամը յուրաքանչյուր ամիս տրամադրում է աջակցություն 100 000 դրամի չափով, իսկ նախագծով առաջարկվում է պետբյուջեի միջոցներից այդ գումարն ավելացնել եւս 200 000 դրամով՝ 6 ամիս ժամկետով՝ մինչեւ հիմնադրամի հիմնական շահառու դառնալը»: Tweet Դիտում՝ 2605