«Սանիթեք» ընկերությունը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի՝ «իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»։ Այս մասին ասված է ընկերության այսօր տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արդեն շուրջ երկու տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ի դեմս քննչական մարմինների, դատախազության եւ դատական ատյանների, ակնհայտորեն ենթարկվելով գործադիր իշխանության հրահանգների, ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացնում «Սանիթեք ընկերությունների» խմբի եւ իր բաժնետերերի դեմ, որոնք հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ. ապօրինաբար հարուցվում են քրեական տարատեսակ գործեր վերջինիս դեմ եւ այլն: Մինչ օրս նշված քրեական գործերը չեն դադարեցվել։ Որեւէ պաշտոնատար անձի մեղադրանք չի առաջադրվել, որեւէ դրվագով հանցակազմ չի հաստատվել, գործերով չի հիմնավորվել հայտարարված որեւէ խախտում։ Նախաքննությունն էլ այժմ փաստացի չի իրականացվում, եւ քրեական գործերն, ըստ էության, գտնվում են փակուղու մեջ։ Նշված քրեական գործերը շարունակությունն են Քաղաքապետարանի նախորդող ապօրինի գործողությունների եւ «Սանիթեքի» նկատմամբ ոչ իրավաչափ վարքագծի: Քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեք ընկերությունների» խմբի նկատմամբ՝ նախաձեռնելով մի շարք անհիմն հայցեր: Բացի քրեական գործեր հարուցելու եւ անհիմն հաղորդումներ ներկայացնելուց, դատախազության եւ քննչական մարմինների ռեսուրսները անիմաստ սպառելուց, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանն իրականացրել է «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաեւ՝ «Սանիթեքի» գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։ Բացի «Սանիթեք»-ից ապօրինի կերպով բռնագրավված գույքից օգուտ ստանալու հանգամանքից, որը փոխանցվել է այդ նորաստեղծ ընկերությանը, Երեւանի քաղաքապետարանն այսօր ծախսում է առնվազն 20 տոկոսով ավել գումար իր իսկ կողմից ստեղծված ընկերության միջոցով կազմակերպելով նույն ծառայությունները եւ միաժամանակ չվճարելով կիրառելի հարկերը, ինչի մասին կատարվել են բազմաթիվ հրապարակումներ:Նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի» ներդրումների էքսպրոպրիացիայի (ունեզրկում): Այս գործողությունների հետեւանքով «Սանիթեք ընկերությունների» խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը եւ գնալ սնանկացման, ինչը, իհարկե, հանգեցրել է խիստ բացասական հետեւանքների ընկերության բաժնետերերի համար:Միեւնույն ժամանակ, հարկ է նշել նաեւ, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որեւէ արձագանք չի ստացվել եւ բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետեւանք:Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի եւ կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսեւորի բարի կամք եւ իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի: Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու եւ ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին որեւէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»։ Tweet Դիտում՝ 1861