ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարեւոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման եւ ՀՀ ԲՏԱ Նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում ՌԴ֊ի կողմից ցուցաբերված աջակցության համար:Դմիտրի Շուգաեւը տեղեկացրել է, որ Դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության եւ պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի եւս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը:***Այցի ընթացքում Հակոբ Արշակյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաեւ Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների եւ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ: Մասնավորապես, Հակոբ Արշակյանի եւ ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի հանդիպման ընթացքում նախարարը հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «ԵրՄՄԳՀԻ» (Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ եւ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը, կարեւորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը, բարձր գնահատել վերջիններիս զարգացման տեմպերը։ Հիմնվելով արդեն առկա փորձի վրա՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրեր իրականացնելու արդյունքում, հայկական գիտական եւ ինժեներական մտքի շնորհիվ, հնարավոր կլինի ստեղծել ռազմական եւ ինժեներական արտադրանք՝ հետագայում երկու երկրների զարգացման նպատակով կիրառելու համար: Դաշնային գործակալության ղեկավարը դրական է գնահատել առաջարկը եւ տեղեկացրել, որ համատեղ հետագա զարգացման ծրագրի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել առարկայական քննարկումներ եւ աշխատել գործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 1446