Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) սկսել է $9 մլրդ գումարի չափով պատվաստանյութերի նախաձեռնություն՝ «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատվաստանյութերի հասանելիության ծրագիր» (APVAX):Ինչպես նշել են ԱԶԲ-ում, ծրագիրն արագ եւ արդար աջակցություն է տրամադրում իր՝ զարգացող անդամ-երկրներին, երբ նրանք ձեռք են բերում եւ բաշխում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր: «Քանի որ ԱԶԲ-ի զարգացող անդամ-երկրները պատրաստվում են հնարավորինս շուտ պատվաստել իրենց բնակչությանը, նրանց հարկավոր է ֆինանսավորում՝ պատվաստանյութեր ձեռք բերելու համար, ինչպես նաեւ համապատասխան պլաններ եւ գիտելիքներ՝ պատվաստումների գործընթացը անվտանգ, արդար եւ արդյունավետ կառավարելու նպատակով: APVAX–ը կարեւոր դերակատարություն կունենա՝ օգնելու մեր զարգացող անդամ-երկրներին դիմակայելու այս մարտահրավերներին, հաղթահարելու համաճարակը եւ կենտրոնանալու տնտեսության վերականգնման վրա»,- ասել է ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան: Ասիայում եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հայտնաբերվել է ավելի քան 14,3 միլիոն դրական դեպք, որոնցից 200.000-ը՝ մահվան ելքով։ Համաճարակի պահպանման պայմաններում, ըստ կանխատեսումների, 2020թ․-ին զարգացող Ասիայում տնտեսական աճը կնվազի 0.4%-ով, ինչը 1960-ականների սկզբից ի վեր համախառն ներքին արդյունքի տարածաշրջանում առաջին անկումն է։ «Պատվաստանյութերի անվտանգ, արդար եւ արդյունավետ հասանելիության խթանումը համար մեկ առաջնահերթությունն է ԱԶԲ-ի՝ COVID-19 արձագանքման ջանքերի շարքում։ Պատվաստումների ծրագրերը կարող են կոտրել վիրուսի փոխանցման շղթան, փրկել կյանքեր եւ մեղմել համաճարակի բացասական տնտեսական հետեւանքները՝ վերականգնելով վստահությունն առ այն, որ մարդիկ կարող են անվտանգ աշխատել, ճանապարհորդել եւ շփվել»,-նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 7555