Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը եւ Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր, միջազգային փորձագետ Աշոտ Օսիպյանն այսօր լրագրողների հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել են հետպատերազմյան բանկային համակարգում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները:Banks.am-ն առանձնացրել է հանդիպման առանցքային կետերը:Վարկային պորտֆելների եւ իրացվելիության մասինԱշոտ Օսիպյան. Հանրապետության խորը քաղաքական ճգնաժամն իր ազդեցությունն ունի տնտեսության զարգացման վրա, ինչի հետեւանքով վարկային պորտֆելների վիճակն ավելի կվատանա: Սա սպասելի էր: Ներկայումս պետք է ըստ ոլորտների վերագնահատել առկա իրավիճակը:Մյուս խնդիրը բանկերի իրացվելիությունն է, որն ավելի է խորանում հետպատերազմյան իրավիճակում: Որպես կանոն, փակվում են ֆինանսական շուկաները, վստահությունը նվազում է, բանկերը խնդիր են ունենում իրացվելիության հետ: Հայաստանում շատ վատ սպասումներ են՝ տնտեսության զարգացման հետ կապված, ամեն ինչ պետք է անել՝ դրանք փարատելու համար: Մենք ներկայումս գտնվում ենք սպասումների ժամանակահատվածում, եւ շատ կարեւոր է արագ դուրս գալ քաղաքական ցնցումներից, որպեսզի չունենանք տնտեսական հետեւանքներ:Ավանդների ծավալի մասին Սեյրան Սարգսյան. 2020-ի առաջին երեք ամիսներին ավանդների ծավալը մեծացել է, այնուհետեւ՝ ապրիլին կտրուկ նվազել, սակայն հաջորդող ամիսներին սկսել են այդ միջոցները վերադառնալ: Ավանդների արտահոսք է նկատվել նաեւ օգոստոսին:Սակայն 2020-ի առաջին տասը ամիսների կտրվածքով ավանդների ծավալը նվազել է ընդամենը 2%-ով, ինչն այն նվազագույն փոփոխությունն է, որը կարող էինք ակնկալել համավարակի եւ պատերազմի ընթացքում: Այս 2%-ն էական փոփոխություն չէ, եւ ավանդների ծավալը գրեթե պահպանվել է բանկային համակարգում: Նույնիսկ ակնկալում ենք, որ առաջիկայում եւս էական փոփոխություններ չեն լինի:Արտարժույթի հետ կապված ռիսկերըԱշոտ Օսիպյան. Հետպատերազմյան իրավիճակում մենք արտարժույթի հետ կապված ռիսկ ենք ունենում, սա եւս նորմալ երեւույթ է, ինչը հիմնականում բացասական սպասումների հետ է կապված, քանի որ տնտեսության մեջ ներմուծումների աճ չի լինում: Արտարժութային ռիսկն ավելի է վատացնում մեր վարկային պորտֆելն ու իրացվելիությունը, այսինքն՝ բանկերն իրենց ակտիվների վերագնահատում պետք է անեն՝ արտարժույթի մասով:Դրամի վրա ճնշումները շարունակվելու են 2021-ին եւս: Ուղղակի պետք է զգույշ լինել, եւ Կենտրոնական բանկը նախորդ անգամ շատ ճիշտ արեց՝ իրականացրեց արտարժութային ինտերվենցիա, որով ասեց, որ պատրաստ է օժանդակել եւ տեր կանգնել իր արժույթին:Հիփոթեքային վարկերի մասինԱշոտ Օսիպյան. Հետպատերազմյան իրավիճակում կարեւոր խնդիրներից մեկը, որ պետք է պետությունը լուծի, անշարժ գույքի շուկայի կայունացումն է, որի վրա շատ մեծ ազդեցություն ունեն հիփոթեքային վարկերը: Եթե անշարժ գույքի շուկայում պահանջարկի նվազում է նկատվում, ապա այն բերում է վարկային պորտֆելի վատացման: Պետությունն այստեղ պետք է երկարաժամկետ ծրագիր իրականացնի, որպեսզի ավելի էժան, գրավիչ հիփոթեքային վարկեր տրամադրվեն հաճախորդներին, արհեստական պահանջարկ ստեղծի անշարժ գույքի նկատմամբ:Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունըՍեյրան Սարգսյան. Կարեւոր խնդիրներից մեկը օրենսդրական բարեփոխումների իրականացումն է: Օրենսդիր մարմինը պետք է հետեւողական բացահայտի այդ փոփոխությունների անհրաժեշտությունը:Աշոտ Օսիպյան. Ընդհանրապես, բանկային համակարգի զարգացումն ապահովելու համար պետք է վերանայել այն սխալ օրենսդրությունը, որն իրականացվել է: Պետք է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները չեղյալ անել, ավելի ուժեղացնել բանկային գաղտնիքը, որպեսզի ունենանք շատ խնայողություններ ու ներդրումներ բանկային համակարգում: Tweet Դիտում՝ 3530