Zoom-ի երջանկություն պարգեւելու գաղտնիքը

08.12.2020 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Zoom #Էրիկ Յուան

Zoom տեսակոնֆերանսների ծառայության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Էրիկ Յուանին (Eric Yuan) կարելի է անվանել անցնող տարվա գլխավոր հերոսներից մեկը բիզնեսի եւ տեխնոլոգիաների աշխարհում: Համավարակն ու ինքնամեկուսացման ռեժիմում ապրելու ու աշխատելու անհրաժեշտությունը դարձրեցին Zoom-ը գերպոպուլյար: Դեռեւս մեկ տարի առաջ ծառայությունից օրական օգտվում էր 10 մլն մարդ, իսկ արդեն 2020-ի գարնանը այս ցուցանիշն աճեց մինչեւ 300 մլն: Ընկերության շուկայական կապիտալիզացիան $16 մլրդ-ից հասավ $160 մլրդ-ի: Ինչպե՞ս ծագումով Չինացի, 9-րդ անգամից ԱՄՆ մուտքի վիզա ստացած մարդը, որի կարողությունը Forbes-ը գնահատում է $18 մլրդ, դարձավ COVID-19 դարաշրջանի ամենահաջողակ գործարարը:

Այս եւ այլ հարցերին Էրիկ Յուանը պատասխանել է, ելույթ ունենալով WebSummit համաժողովին, որն այս տարի առաջին անգամ անցկացվեց առցանց ձեւաչափով: Harvard Business Review-ն ներկայացրել է առավել հետաքրքիր հատվածներ այդ ելույթից:



Ես տեղափոխվել եմ Սիլիկոնյան հովիտ 27 տարեկան հասակում: Դա ինտերնետ հեղափոխության առաջին ալիքն էր: Ես հասկանում էի, որ նորարարությունների տնտեսությանը առաջ է մղում ստարտափների էկոհամակարգը, որը գոյություն ունի Հովտում: Դեռեւս այն ժամանակ մտածում էի, որ մի օր կստեղծեմ իմ բիզնեսը: Ես գաղափար չունեի, թե երբ եւ ինչպես դա կլինի: Բայց երազում էի դրա մասին ու պատրաստվում: Եվ հենց այս երազանքը դարձավ հիմնական պատճառը, որ ես թողեցի իմ աշխատանքը WebEx-ում (WebEx-ը առաջարկում է ծառայություններ տեսախորհրդակցություններ անցկացնելու համար, 2007թ.-ից այն պատկանում է Cisco-ին, Էրիկ Յուանն աշխատում էր ընկերությունում որպես մենեջեր - Harvard Business Review): Ես հիշում եմ, որ աշխատանքի վերջին տարում, մինչ ես կորոշեի հեռանալ, ցանկություն չունեի գրասենյակ այցելել, քանի որ չէի տեսել WebEx-ի բավարարված որեւիցե հաճախորդի: Եվ դա միայն ամրապնդեց իմ վճռականությունը:

***
Չեմ կարող ասել, թե որքան մերժում եմ ստացել ներդրողներից, երբ գումար էի փնտրում Zoom-ը գործարկելու համար: Նրանք չափազանց շատ էին: Այդ ժամանակ շուկայում իսկապես շատ ընկերություններ կային, որոնք տեսազանգերի ծառայություններ էին առաջարկում, եւ դրանցից շատերն անվճար էին: Ոչ ոք չէր կարող մտածել, որ հաճախորդները եւս մեկ ծառայության կարիք կունենան: Բայց ես շատ եմ խոսացել հաճախորդների հետ, եւ նրանք բոլորը դժգոհ էին այն պրոդուկտներից, որոնցից ստիպված էին օգտվել: Ես կարծում էի, որ փոքր է այն հավանականությունը, թե մենք ավելի լավ լուծում կկարողանանք գտնել:

***
Ստեղծման պահից (2011թ.) մինչեւ IPO մեր դուրս գալը (2019թ.) Zoom-ն ուներ գրեթե նույն տեսքը, ինչպես եւ ծրագրային ապահովման այլ մշակողների մոտ: Առաջին մի քանի տարվա ընթացքում լավ աճ էինք ապահովում, իսկ հետո տեմպը մի փոքր դանդաղեց, քանի որ ծրագրային ապահովում մշակողների մոտ չի լինում սրընթաց աճ: Որպես կանոն, աճն աստիճանական է, օրգանական:


Մինչեւ համավարակը մենք երբեւիցե չէինք մտածել նման սրընթաց աճի մասին: 2020-ի սկզբին, ինչպես եւ 2019-ին,  մենք ունեինք նույն խնդիրները. ներգրավել նոր հաճախորդների եւ մշակողների, ընդլայնել բիզնեսը, կրկնապատկել ջանքերը՝ շահույթն ավելացնելու համար: Այսպես մենք մտածում էինք տարվա սկզբին: Եվ երբ սրընթաց աճ տեղի ունեցավ, շատ դժվար եղավ: Մյուս կողմից, մենք ուրախանում էինք: Մենք երկար տարիներ լարված աշխատում էինք, եւ ահա երազանքը՝ ամբողջ աշխարհին օգնել կապի մեջ լինել, իրականություն դարձավ: Աշխատակիցները շատ ոգեւորված էին: Մյուս կողմից էլ, անսպասելի եւ շարունակական աճը շատ հարցեր առաջացրեց: Մենք չէինք հասկանում՝ ինչպես կկարողանանք այս ամենը կազմակերպել: Մենք պետք է էլ ավելի լարված աշխատենք, շատ գործընթացներ պետք է բարելավվեն: Արագ աճն ու ճանաչվածությունը ոչ միայն հաջողություն են, այլեւ հսկայական փորձություն:

***
Ես անչափ երախտապարտ եմ բոլոր աշխատակիցներին, նրանք շատ լարված են աշխատում: Մենք ամեն օր մտածում ենք մեր հաճախորդների եւ այն մասին, թե ինչպես ավելի լավ հասնել մեր նպատակներին: Այսօր մեր պրոդուկտն օգտագործվում է բոլորովին այլ կերպ, քան նախկինում էր: Եթե ուրիշ ընկերությունները սկսում են B2C հատվածից, իսկ հետո գործարկում B2B-ն, ապա մեզ մոտ ամեն ինչ հակառակ էր, եւ հիմա պետք է տիրապետել զանգվածային սպառման հատվածին: Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես լավացնենք մեր պրոդուկտը, ներքին գործընթացները, գաղտնիությունն ու անվտանգությունը: Մենք պետք է որքան հնարավոր է արագ զարգացնենք նոր ուղղությունները: Իսկ որպեսզի դա ստացվի, մեզ անհրաժեշտ է արագ սովորել եւ նույնքան արագ գործել:

***
Zoom-ի կորպորատիվ մշակույթի գլխավոր սկզբունքը մարդկանց երջանկություն պարգեւելն է: Մենք անում ենք հնարավորինս՝ հաճախորդների կարծիքը հաշվի առնելու համար: Եվ դա շատ է օգնում մեզ: Մենք ձգտում ենք նայել մեր արածի վրա հաճախորդի աչքերով:  


Հաճախ մեր հաճախորդների ՏՏ թիմերն աշխատում են մեզ հետ համատեղ այս կամ այն գործառույթը գործարկելու համար: Հասարակ սպառողների մոտ չկան ՏՏ թիմեր, բայց, քանի որ մենք արագ սովորում ենք, պետք է հետեւողականորեն կիրառենք մեր լավագույն փորձը պրոդուկտի կիրառման նոր միջոցներում, որոնք ուղղված կլինեն նոր հաճախորդներին:

***
Չեմ կարող ասել, որ իմ ժամանակացույցը շատ է փոխվել: Բայց այո, մենք սկսեցինք ավելի շատ արտաժամյա աշխատել, քան մինչ ճգնաժամը: Իմ աշխատանքային օրն ավելի երկար է տեւում, բայց դա ինձ դուր է գալիս: Եղել է, որ օրական 19 խորհրդակցություն եմ ունեցել Zoom-ում: Երբ արթնանում եմ, մտածում եմ, ինչ տարբերվող բան կարող եմ անել այսօր: Իսկ երեկոները ես միշտ 15 րոպեով խորանում եմ մտքերիս մեջ: Ես այս գործընթացն անվանում եմ մտքի մեդիտացիա:

Եթե խոսեմ իմ, ընտանիքիս եւ այն մասին, թե ինչպես եմ աշխատում, ժամանակ անցկացնում, ապա ինձ թվում է, որ ոչ մի բան չի փոխվել: Ինձ համար, որպես Zоom-ի ղեկավար, կարեւոր է անել ամեն ինչ, որպեսզի իմ աշխատակիցները երջանիկ լինեն: Ահա, թե ինչի մասին եմ մտածում ամեն օր: Եվ այս առումով ոչ մի բան չի փոխվել: Այո, մենք բոլորս տանից ենք աշխատում: Բայց ես նույնն եմ մնացել, միայն թե սկսել եմ ավելի շատ հաճույք ստանալ: Այո, մենք ավելի երկար ենք աշխատում, բայց դա իրականում ինձ դուր է գալիս: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ կարողանան կապի մեջ լինեն ճգնաժամի եւ համավարակի ընթացքում: Ինչպես կարող ենք երջանկություն ստեղծել մեր շուրջ՝ սա է ինձ համար կարեւոր, չէ որ սա իմ նախագիծն է:

***
Կար ժամանակ, երբ ընկերությունում հազար մարդուց պակաս էր աշխատում: Բայց հիմա մենք արագ աճում ենք՝ յուրաքանչյուր եռամսյակ մի քանի հարյուր նոր աշխատակից է ավելանում: Չնայած դրան, կարծում եմ, որ կազմակերպությունը պետք է աշխատի որպես ամբողջություն: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նորեկները լիովին մտնել հունի մեջ եւ կարողանան աշխատել թիմում: Նոր աշխատակիցների հետ մենք խոսում ենք ընկերության մշակույթի, մեր արժեքների մասին:


Zoom-ի յուրաքանչյուր աշխատակցի, ներառյալ իմ, գլխավոր նպատակը կայանում է նրանում, որպեսզի որոշենք՝ ինչ կարող ենք փոխել ավելի լավը դառնալու համար: Եվ անգամ ճգնաժամից եւ համավարակից առաջ մենք ամեն օր մեզ այդ հարցն էինք տալիս: Միայն այսպես կարելի է հասնել երկարաժամկետ հաջողության: Երբ նոր ղեկավարներ ենք աշխատանքի ընդունում, մեզ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե իրենց փորձն ուրիշ ընկերություններում, այս եղած ներուժը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի մարդը կարողանա աճել ինքնուրույն եւ ընկերության հետ միասին:

***
Եթե դուք մտածում եք սեփական բիզնեսի մասին եւ ունեք գաղափար, ապա պետք չէ տատանվել: Գնացեք եւ արեք: Հետադարձ հայացք գցելով ՝ կարող եմ ասել, որ երբ ես գործարկեցի Zoom-ը, ինքս լիովին չէի հասկանում, թե որքան եմ տարված: Ուստի ինձ շատ է դուր գալիս Nike Just Do It (Պարզապես արա դա) կարգախոսը:

Եվ երկրորդ խորհուրդը. ավելի շատ ուշադրություն դարձրեք ընկերության մշակույթին: Դա չափազանց կարեւոր է: Հնարավոր է, առաջին մի քանի տարվա ընթացքում դա այդքան էլ ակնհայտ չէ, բայց, եթե որոշեք ընդլայնել ձեր բիզնեսը, առանց ներքին մշակույթի վրա հենվելու ձեզ շատ դժվարություններ կսպասեն: Եվ դրանցից որոշներն անհաղթահարելի կլինեն:

Եվ եւս մեկ խորհուրդ: Զինվեք համբերությամբ: Մի մտածեք հաջողության մասին: Արեք այն, ինչ անում եք, այն, ինչ կարող եք լավ անել: Կայուն բիզնեսի ստեղծումը՝ թռիչքներով եւ վայրէջքներով լի երկար ճանապարհ է, եւ կարեւոր է ընդունել եւ հաղթանակները, եւ պարտությունները:

Դիտում՝ 2876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW