Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ-ում մրցակցության հավասար պայմանների ստեղծումը

04.12.2020 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի հեռավար նիստի ժամանակ ասել է, որ Հայաստանի հիմնական խնդիրը մնում է ուղեւորափոխադրումների հարցը եւ ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը:

Նա նշել է, որ հայկական կողմն առաջնահերթություն է համարում «Մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծի լիարժեք իրականացումը:

«Այդ փաստաթղթում նշված առանց խոչընդոտների, թերությունների եւ սահմանափակումների ընդհանուր շուկաների ձեւավորման մեխանիզմները կարեւոր գործոն են հանդիսանում չորս ազատությունների գործնական հաստատման եւ մեր երկրների ազգային տնտեսությունների համագործակցության ու մրցունակության մակարդակի բարձրացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ միության անդամ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար եւ ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը մնում է կարեւոր սկզբունքային հարց:

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, նավթամթերքների եւ գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ:

Այս առումով, մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման եւ սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման եւ տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ստեղծումից՝ կարեւորելով ԵԱՏՄ շրջանակում շինարարության ոլորտում առաջատար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ միջազգային համաձայնագրի մշակումն ու կնքումը:

«Անհրաժեշտ եմ համարում անհապաղ վերանայել նաեւ ապրանքների եւ ծառայությունների սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը: Այն պետք է կազմել մեր կողմից իսկ կազմված չափանիշներին համապատասխան»,- հավելել է նա:
Դիտում՝ 2857
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW