Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ ամենակարեւոր հարցը տնտեսության զարգացումն է, «որովհետեւ մնացած բոլոր հարցերը կապված են լինելու տնտեսության հետ»։«Պետք է կառուցել ժամանակակից տնտեսություն։ Առաջին կետով ես կնշեի կրթությունը։ Ռազմական, բժշկական ոլորտները կառուցվում են կրթության հիմքով: Հայաստանը չպետք է միայն կոնյակ վաճառի, մենք պետք է նաեւ տեխնոլոգիա վաճառենք։ Մեր երկրի ապագան տեխնոլոգիաների, գյուղատնտեսության հետ է կապված։ Շատ կարեւոր է նաեւ սննդի անվտանգությունը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվենք, որ մեր ուսանողները գան այստեղ սովորելու այն պայմաններում, ինչ ՌԴ քաղաքացիները, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ ժամանակ։Մենք պետք է համագործակցենք բոլորի հետ։ Մեր սեփականը կառուցելու համար պետք է վերցնենք աշխարհում լավագույնը։ Այդ ամենի համար պետք է ներգրավվենք ամենալավերին, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին մտածի՝ որպես իր տան, որ մեր նոր ծրագրերը միայն բառեր չլինեն»,- նշել է նախագահը։Խոսելով Արցախի շուրջ վերջին զարգացումների եւ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, նա ասել է, որ «ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա»։«Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի է ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը»,- ասել է Արմեն Սարգսյանը։ Tweet Դիտում՝ 1645