Առաջիկա մեկ շաբաթում Արցախի ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը եւ կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ կապի (բջջային եւ ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար:Այս մասին նշվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցությանը:Հունվարի 1-ից յուրաքանչյուր ընտանիք մեկ շնչի հաշվով (բացի աշխատանք ունեցողներից) կստանա նախապես հայտարարված ոչ թե 60, այլ 68 հազ. դրամ պետական աջակցություն՝ վեց ամիս շարունակ: Սկսված է 68 հազ. եւ, ՀՀ-ում սեփական գույք չունենալու պարագայում, հավելյալ եւս 15 հազ. դրամի վճարման հայտերի ընդունումը. շուտով կսկսվի դրանց տրամադրման գործընթացը: Առաջիկայում կմեկնարկի նաեւ անօթեւան մնացած քաղաքացիներին մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը: Այն կիրականացվի երկու տարբեր սոցիալական ծրագրերով: Բոլոր այն ընտանիքները, որոնց բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 300 հազ. դրամ, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները թշնամու հրետակոծության հետեւանքով հնարավոր չէ վերականգնել, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 250 հազ. դրամ պետական աջակցություն: Բացի այդ, անօթեւան մնացած բոլոր ընտանիքները բնակվարձի կարիքները հոգալու համար մեկ շնչի հաշվով կստանան պետական դրամական աջակցություն՝ մինչեւ պետության կողմից նոր բնակարանների կառուցումը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է նեցուկ կանգնել իր յուրաքանչյուր քաղաքացուն՝ ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար: Քաղաքաշինության նախարարին նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ այն ընտանիքները, որոնց բնակարանները տուժել են թշնամու հրթիռահրետակոծությունից, արագացված ընթացակարգով կստանան անհրաժեշտ շինանյութ: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է վերականգնման աշխատանքներում ներգրավել նաեւ ՀՀ-ում գործող բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք պատրաստ են Արցախում աշխատելու: Նախագահը մեկ անգամ եւս անդրադարձել է տարհանվող համայնքների, ինչպես նաեւ անօթեւան մնացած եւ ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած բնակիչներին անհրաժեշտ աջակցության տրամադրման հարցերին եւ շեշտել, որ մինչեւ Արցախում համապատասխան բնակարանային պայմանների ստեղծումը նրանց կեցության հարցը պետք է լուծել ՀՀ-ում գտնվող հյուրանոցային եւ նմանօրինակ ծառայություններ մատուցող տնտնեսությունների միջոցով:Անդրադառնալով ուսումնական պրոցեսի վերսկսմանը՝ նախագահը նշել է, որ թե՛ դպրոցները եւ թե՛ մանկապարտեզները պետք է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացվեն: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ՝ շրջաններում արդեն վերաբացվել են մի շարք համայնքների դպրոցներ։ Նոյեմբերի 30-ին կսկսեն գործել մայրաքաղաքի համար 2 եւ համար 8 դպրոցները, իսկ մյուսները՝ մինչեւ տարեվերջ: Tweet Դիտում՝ 1788