ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտնել է, որ կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց շարունակվելու են համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին եւ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը:«Համաձայն պետական բյուջեի հիմքում դրված սցենարի՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4,8% մակարդակ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճում: Համախառն պահանջարկը եւս կվերականգնվի՝ պայմանավորված թե ներքին սպառողական եւ թե ներդրումային ծախսերով, ինչպես նաեւ արտաքին պահանջարկի որոշակի վերականգնումով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ԿԲ նախագահը:Նա նշել է, որ 2020-ի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021-ի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով: Ինչպես համավարակի, ռազմական դրության հետեւանքների, այնպես էլ 2020-ի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ՝ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ: «2021-ի համար կարեւորում ենք ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը:Այնուամենայնիվ, տնտեսության վերականգնումը չխաթարելու եւ մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021-ին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում եւս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը: Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021-ին պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2%-ային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,- ասել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ 2021-ին տնտեսության վերականգնմանն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության շարունակական իրականացման արդյունքում գնահատվում է, որ 2021-ին հարկերը ՀՆԱ-ում կաճեն 0,6%-ային կետով, արդյունքում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: Tweet Դիտում՝ 2056