ՀՀ նախագահը մաքսային պետական կոմիտեին կոչ է արել “բոլորի համար հավասար պայմաններ ապահովել”

18.04.2008 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ##Մաքսային պետական կոմիտեի ղեկավարության խիստ քննադատությամբ` կոչ անելով “բոլորի համար հավասար պայմաններ ապահովել”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ապրիլի 17-ին նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ:

Սերժ Սարգսյանը մատնանշել է, որ դրական երեւույթների հետ մեկտեղ մաքսային համակարգում ծաղկում են նաեւ կաշառակերությունը, հովանավորչությունը, ամբարտավան վերաբերմունքը, ինչը խոչընդոտում է տնտեսության զարգացմանն ու հարուցում է համակարգի հետ շփվողների արդարացի զայրույթը:

“Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ, որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել”,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը մաքսային մարմինների ղեկավարներից պահանջել է ուշադրություն դարձնել ժամանակավոր ներմուծման խնդրին: Հաջորդ խնդիրը, որի վրա նախագահը հրավիրել է ներկաների ուշադրությունը, վերաբերել է ապրանքների գների չափին, այսպես կոչված, հսկիչ գներին: Նախագահի համոզմամբ, մաքսային մարմիններն իրավունք չունեն կամայական կերպով շաբաթը մեկ գներ փոխել:

“Բոլոր հսկիչ գները պետք է լինեն մաքսային կառույցի կայքում եւ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի պետք է իրավունք ունենա տեղեկանալ այդ գներին”,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ամփոփելով, Հայաստանի նախագահն ընդգծել է.

“Մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով: Պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը: Մենք բոլորս պետք է ապրենք նորմալ երկրում, որտեղ կարելի է առանց բարդությունների գործարարությամբ զբաղվել: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների առաջին հերթին հանդիպում է փոքր եւ միջին բիզնեսը, որեւէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի: Կրկնում եմ, արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը”:

Դիտում՝ 5826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW