«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) ստեղծման եւ համապատասխան օրենքի ընդունման ժամանակ մենք մի շատ կարեւոր գաղափար որդեգրեցինք, այն է՝ սա հայ ժողովրդի պարտականությունն է իր զինծառայողի եւ բանակի նկատմամբ»:«Հիմնադրամն այս չորս տարիների ընթացքում կարողացել է կուտակել շուրջ 29 մլրդ դրամ ($60 մլն ): Մինչ այս պահը կատարվել է $5 մլն-ի հատուցում, իսկ մնացած գումարը ներդրվել է ֆինանսական միջոցներում, որից ստացվել են լրացուցիչ եկամուտներ եւ ամբողջությամբ ուղղվել հատուցումներին: Որեւէ լումա, որեւէ ցենտ չի ուղղվել այլ ծախսեր կատարելու համար:Ստեղծված իրավիճակում Հիմնադրամի վերլուծաբաններն ամենօրյա կտրվածքով տարբեր մոդելների հիման վրա տնտեսագիտական հաշվարկներ են անում եւ փորձում են տարբեր սցենարների ներքո գնահատել Հիմնադրամի ներուժը: Սակայն այս պահին կարեւորը հետեւյալն է. ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում, որպեսզի նրանք առատաձեռն լինեն իրենց նվիրաբերություններով նաեւ այս Հիմնադրամի նկատմամբ»,- նշել է Վարուժան Ավետիքյանը:Նա տեղեկացրել է, որ ստեղծման օրվանից մինչ այս պահը Հիմնադրամը 420 շահառու ունի: Այսօր աշխատանքներ են տարվում պաշտպանության նախարարության հետ՝ հստակեցնելու համար ցուցակները, որպեսզի արդեն այս ամսվանից մեկնարկի հատուցումների գործընթացը:«Մենք հատուցում ենք սպաներին, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաեւ զորակցված կամավորներին, որոնք մասնակցում են Հայրենիքի սահմանների պաշտպանությանը:Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ դարձած մեկ զինծառայողի համար օրենքով սահմանված է 58 մլն-ից մինչեւ 82 մլն դրամ է ($120 հազարից մինչեւ $170 հազար): Մենք տալիս ենք միանվագ հատուցում, այնուհետեւ 240 ամիս շարունակ տրամադրում ենք հատուցումներ: Եթե զոհված զինծառայողն ունի երեք եւ ավելի երեխա, ապա ամսական տրամադրվում է լրացուցիչ 100 հազար դրամ ծավալով հատուցում»,- ասել է Հիմնադրամի տնօրենը:Ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար Հիմնադրամն իր հետ համագործակցող բանկերում (Արցախում՝ «Արցախբանկ»-ը, Հայաստանում՝ «Կոնվերս Բանկ»-ը եւ «Հայբիզնեսբանկ»-ը) բացում է հաշիվներ եւ յուրաքանչյուր ամիս այդ գումարները փախանցում շահառուներին:«Հիմնադրամն ունի մեկ առաքելություն եւ այդ առաքելությունը մեր սահմանները պաշտպանող զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին 20 տարի շարունակ փոխհատուցում կատարելն է»,- ընդգծել է Վարուժան Ավետիքյանը:Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 2481