Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) տարեկան հանդիպումների շրջանակում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ:Տեսազանգի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ փոխնախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից սկսած հարվածներ են հասցվում Արցախի քաղաքներին եւ բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին: Մհեր Գրիգորյանը նաեւ շեշտել է, որ այս պատերազմը չէր սկսի առանց Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածության եւ աջակցության՝ ընդգծելով, որ կան փաստեր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների եւ ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավվածության եւ հակամարտության գոտի նրանց տեղափոխման վերաբերյալ: Փոխվարչապետը կարեւորել է միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն ու թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը:Ընդգծելով, որ ՀԲ-ն եղել եւ մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը՝ փոխվարչապետը կարեւորել է ՀԲ՝ Երկրի գործընկերության շրջանակի հիմնական ուղղությունները, ներառյալ տնտեսական մրցունակության բարձրացումն ու արտահանման խթանումը, մարդկային կապիտալի զարգացումը եւ շրջակա միջավայրի եւ բնական պաշարների կայուն կառավարումը:Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության շրջանակը:Անդրադարձ է կատարվել նաեւ երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն ուղղված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը: Tweet Դիտում՝ 1523