Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը եւ Ռուսաստանի փոստը ստորագրել են համաձայնագիր երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրումը կայացել է ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եւ «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում՝ ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» կոնֆերանսի ընթացքում: 2020թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի եւ Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երեւանից Մոսկվա, Մոսկվայի մարզ եւ հակառակ ուղղությամբ կնվազի գրեթե 3 անգամ. մինչեւ 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի մեկ ու կես անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի), նախկին 8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի): «Սույն համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայփոստի հաճախորդներին: Հիմա մեր հաճախորդները կարող են ռուսական օնլայն խանութներում պատվիրել ցանկացած ապրանք առանց միջնորդների եւ հավելյալ ծախսերի ու ստանալ իրենց պատվերը Հայփոստի միջոցով աննախադեպ ցածր գնով: Նույն հնարավորությունը ստանում են Ռուսաստանի փոստի հաճախորդները, ովքեր կարող են Հայաստանի ցանկացած օնլայն խանութից ապրանք պատվիրել եւ փոխադրման համար վճարել նախկինից գրեթե 3 անգամ քիչ: Մոսկվայի եւ Երեւանի համար սահմանվել է «Երկու մայրաքաղաքների սակագին» հատուկ գնառաջարկը: Ես հավատացած եմ, որ մեր երկու երկրների փոստերի միջեւ համագործակցությունը պետք է համապատասխանի մեր պետությունների միջեւ ռազմավարական գործընկերային հարաբերություններին, իսկ փոստային փոխադրումների ծավալները՝ տնտեսական հարաբերությունների մակարդակին»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:Ընդգծելով, որ սույն համաձայնագիրն էականորեն կհեշտացնի ՌԴ-ում գործող բիզնես ընկերությունների աշխատանքը Հայաստանի հաճախորդների հետ՝ Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովն ասել է.«Հայաստանը պատմականորեն շատ կարեւոր տարածաշրջան է ՌԴ-ի համար, եւ շատ կարեւոր է մեզ համար, որ բացի եռակի գնիջեցումից մենք նաեւ ներկայացված կլինենք Հայփոստի շուրջ 900 բաժանմունքում: Սա թույլ կտա նաեւ էականորեն լավացնել մատուցվող ծառայության որակը, իսկ մենք գիտենք, որ որակյալ ծառայությունը եւ հարմարավետությունը պակաս կարեւոր չեն հաճախորդին գոհացնելու հարցում»: «Այսպիսով, համաձայնագիրը, ըստ էության, չեզոքացնում է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության առկա տնտեսական խոչընդոտները, ինչը նաեւ կնպաստի էլեկտրոնային առեւտրաշրջանառության ծավալների աճին: Սույն համաձայնագիրը կստեղծի յուրահատուկ մրցակցային միջավայր ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5246