Արմսվիսբանկը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, 48 ռադիոգիդ եւ 30 աուդիոգիդ սարքեր է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։ Ամեն տարի Հայոց ցեղասպանության թանգարանը սպասարկում է ավելի քան 100.000 այցելուի, որոնց ճնշող մեծամասնությունը օտարերկրացիներ են, ովքեր ցանկություն են հայտնում ծանոթանալու ցուցադրությանը: Աուդիոգիդերի գործածությունը հնարավորություն կտա ներկայացնելու բազմալեզու եւ ավելի ընդարձակ տեղեկատվություն՝ առաջիկա տարիներին ապահովել նմանով տեղեկատվության մատուցումն առնվազն չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ինչպես նաեւ, հնարավորության պարագայում՝ գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն եւ այլ լեզուներով:«Շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարեւորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցված լինելը», - նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն իր շնորհակալությունը հայտնեց Արմսվիսբանկին եւ Գեւորգ Մաչանյանին նման կարեւոր նախաձեռնության համար՝ նշելով, որ աուդիոգիդերի եւ ռադիոգիդերի նվիրատվությունը մաս է կազմում թանգարանի տեխնիկական վերազինման ու արդիականացման գործընթացի՝ միաժամանակ նպաստելով թանգարանային ընդունելությունների որակի բարձրացմանը:Ի նշան երախտագիտության՝ Գեւորգ Մաչանյանը թանգարանի հիմնադրամի կողմից պարգեւատրվեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:«Աուդիոգիդերի եւ ռադիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարեւորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում թանգարան այցելուներին պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով»։Կարեւորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը եւ ժամանակին համահունչ լինելը՝ Արմսվիսբանկը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է եւ իր 15-ամյակին նվիրված մշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: 2020 թվականի ընթացքում բանկի կողմից նվիրաբերվել են նաեւ 72 հատ ռադիոգիդ սարքեր Մատենադարանին, 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին եւ 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանին»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1569