ՌԴ-ից դրամական փոխանցումները նվազել են, իսկ ԱՄՆ-ից՝ աճել

09.09.2020 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #դրամական փոխանցումներ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է 2019-2020 թվականների ընթացքում հունվար-հուլիսին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ արտերկիր կատարված փոխանցումներին:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15,3%-ով՝ կազմելով $893,3 մլն, իսկ արտահոսքը 20,3%-ով՝ կազմելով $622,4 մլն։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28,2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22,1%-ով։

«Առավել ընդհանրական պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ կատարվող փոխանցումների ծավալների փոփոխությունը, ի թիվս այլ գործոնների, մեծապես կախված է արտագնա աշխատանքի մեկնող ֆիզիկական անձանց մեծ թվից (հիմնականում ՌԴ-ից ներհոսք) եւ ԱՄՆ-ում մեծաթիվ հայկական սփյուռքի առկայությունից։ Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, այս ժամանակահատվածի արտահոսքի ծավալների կրճատումը պայմանավորված է եղել 2019թ.-ին հատկապես դեպի ԱՄՆ եւ այլ երկրների մեքենաների առքով: Վերջին հանգամանքով էլ պայմանավորված է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-հուլիսին ԱՄՆ արտահոսքի ծավալների 54,8% կրճատումը եւ արդյունքում՝ ԱՄՆ-ից զուտ ներհոսքի` $122,9 մլն  դոլարով երկնիշ տոկոսային աճը՝ 10,8%։

Այսպիսով՝ 2020-ի հունվար-հուլիսին 2019-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում եւ՛ ներհոսքը, եւ՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1,2% կրճատմանը։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաեւ կորոնավիրուսի համավարակը, քանի որ  փակ սահմանների հետեւանքով շատերը զրկված են եղել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, դրան ավելանում է նաեւ համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ու ֆինանսական բարդությունները, որոնք նույնպես ազդել են ՀՀ փոխանցվող գումարների ծավալների վրա: Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաեւ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաեւ ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից»,- ասված է ՏԶՆԿ վերլուծության մեջ:

Դիտում՝ 1566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW