Պարենային ապրանքների համաշխարհային գներն օգոստոսին աճել են
09.09.2020 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /


Համաձայն ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հաշվետվության՝ օգոստոս ամսին, երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գներն աճ են գրանցել, պայմանավորված հիմնականում կայուն պահանջարկի եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետ:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, օգոստոս ամսվա ընթացքում կազմել է միջինը 96,1 նիշ, ինչը 2%-ով բարձր է նախորդ ամսվա համեմատ՝ հասնելով 2020-ի փետրվարից մինչեւ հիմա գրանցված ամենաբարձր ցուցանիշին:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 1,9%-ով, ինչը 2019-ի օգոստոսի համեմատ բարձր է միջինը 7%-ով՝ պայմանավորված հիմնականում կերի նպատակով օգտագործվող հացահատիկների գնաճով: Սորգոյի գներն աճել են 8,6%-ով՝ կազմելով 33,4% ավելի, քան մեկ տարի առաջվա մակարդակն էր, որի պատճառը հիմնականում Չինաստանի կողմից ներկրման բարձր պահանջարկն է: Եգիպտացորենի գները աճել են 2,2%-ով, որը հետեւանք է այն մտահոգությունների, որ վերջերս Այովայում բերքի վնասները կարող են ազդել առաջարկի ծավալների վրա: Աճել են նաեւ բրնձի միջազգային գները՝ կապված սեզոնային առկայության սղության եւ Աֆրիկայի կողմից պահանջարկի ավելացման հետ:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 6,7%-ով՝ արտացոլելով Եվրամիությունում եւ աշխարհի երկրորդ խոշորագույն շաքարավազ արտահանող երկրում՝ Թայլանդում արտադրության կրճատման հեռանկարները` պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչպես նաեւ Չինաստանի կողմից ներմուծման մեծ պահանջարկը:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը աճել է 5,9%-ով: Կայուն են եղել հատկապես արմավենու յուղի գները, ինչպես նաեւ սոյայի, արեւածաղկի եւ հլածուկի յուղերի գները: Աճը հիմնականում համաշխարհային ներմուծման կայուն պահանջարկի պայմաններում արմավենու յուղ արտադրող առաջատար երկրներում արտադրության ակնկալվող կրճատումների հետեւանք է:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը գործնականում անփոփոխ է մնացել հուլիս ամսվա համեմատ: Օվկիանիայում սեզոնային արտահանման առատ ծավալների ակնկալիքի ֆոնին նվազել է պանրի եւ չզտված կաթի փոշու գնառաջարկը, իսկ կարագի գները բարձրացել են Եվրոպայում արտահանման հնարավորությունները խստացնելու պատճառով՝ օգոստոսի տաք ջերմաստիճանային պայմաններում կաթի ծավալների նվազման պատճառով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես համարյա անփոփոխ է եղել հուլիսի համեմատ, սակայն 8.9% ցածր՝ 2019-ի օգոստոսի համեմատ, քանզի տավարի մսի եւ թռչնամսի ներմուծման ցածր պահանջարկը փոխհատուցվել է Չինաստանից խոզի մսի ներմուծման մեծ պահանջարկով:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: