ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ վարկային արձակուրդների տրամադրումը չի կարող լինել շարունակական, քանի որ այն կարող է խաթարել բանկային համակարգի կայունությունը: «Ընդհանրապես, բնականոն գործունեության ընթացքում վարկառուները մարումներ են իրականացնում բանկին, որից էլ բանկը վճարում է ավանդատուների նկատմամբ ունեցած իր պարտավորությունները: Հաճախորդին վարկային արձակուրդ տրամադրելու դեպքում եւս բանկը շարունակում է կատարել այդ պարտավորությունները, ինչն էլ նշանակում է, որ ավանդը մարելու համար բանկը պետք է ունենա որոշակի միջոցներ:Վարկային արձակուրդներ կրկին տրամադրելու հետ կապված հարցը բարձրացնելիս պետք է հաշվի առնել՝ կարո՞ղ են բանկերը շարունակաբար կրել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք: Մեր կարծիքով դա մի քիչ արկածախնդրության է նման, քանի որ չենք կարող խաթարել ընդհանուր համակարգի կայունությունը, ինչն էլ իր հերթին կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ բերել»,- պարզաբանել է ԿԲ նախագահը:Նա նշել է, որ տրամադրված եռամսյա վարկային արձակուրդների ընթացքում բանկերը խելամիտ են աշխատել իրենց հաճախորդների հետ: «Այս ընթացքում մոտավորապես 550 000 ֆիզիկական եւ 17 000 իրավաբանական անձի վարկային արձակուրդ է տրամադրվել: 1,3 տրլն դրամի ընդհանուր վարկային պարտավորություն հետաձգվել է, իսկ բանկային համակարգ չի մտել մոտավորապես 100 մլրդ դրամ»,- հավելել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 3231