Համավարակի հետեւանքների պատճառով ամբողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտում զբաղված շուրջ 120 մլն մարդ հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ զբոսաշրջության ոլորտի վրա կորոնավիրուսի ազդեցությանը նվիրված տեսաուղերձում: «Զբոսաշրջության ոլորտում աշխատում է մեր մոլորակում ապրող յուրաքանչյուր տասներորդ մարդ, այն գոյատեւման միջոցներ է ապահովում եւս հարյուրավոր միլիոն մարդկանց համար»,- հայտարարել է Գուտերեշը:Նրա խոսքով, 2020թ. առաջին հինգ ամսվա ընթացքում միջազգային զբոսաշրջային ուղեւորությունների թիվը կրճատվել է ավելի քան կեսով, իսկ ոլորտի կորուստները կազմել են մոտ $320 մլրդ:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է զբոսաշրջության ոլորտի վերականգնման անհրաժեշտությունը՝ միաժամանակ հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության հարցը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում «տրանսպորտի հետ կապված վնասակար արտանետումները կարող են նորից կտրուկ աճել»:Զբոսաշրջության ոլորտի վրա COVID-19-ի ազդեցությանը նվիրված ՄԱԿ-ի վերլուծական զեկույցում ասված է, որ ընթացիկ տարվա մայիսին զբոսաշրջիկների թիվն անցած տարվա համեմատ նվազել է 98%-ով: Միջազգային զբոսաշրջության մուտքերից երկրները կորցրել են $320 մլրդ, ինչն երեք անգամ ավել է, քան 2009թ. տնտեսական ճգնաժամի ընթացքում:ՄԱԿ-ի գնահատականներով՝ լավատեսական կանխատեսմամբ, որը ենթադրում է զբոսաշրջության ոլորտի չորսամսյա «անգործություն», համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի $1,17 տրլն-ով: Եթե լճացումը շարունակվի 8 ամիս, կորուստները կաճեն մինչեւ $2,22 տրլն: Tweet Դիտում՝ 3857