Քաղաքապետարանը թափոնների տեսակավորումը սկսել է ստվարաթղթից
17.08.2020 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Քաղաքապետարան



«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումը ստանձնել է Երեւանի բնապահպանական կարեւոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը:
Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5%-ը:
«Երրորդ ամիսն է, որ սկսել ենք ամբողջ ուժով աշխատել: Այս պահին զբաղվում ենք միայն ստվարաթղթի հավաքով: Նպատակը՝ նվազագույնի հասցնել վերամշակվող թափոնների մուտքը աղբավայր»,- ասել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:
3 մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը: Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ նախորդ տարի, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է:
«Մեկ օրվա ընթացքում հավաքվում է 2-2.5 տոննա ստվարաթուղթ, սա աճող թիվ է, որովհետեւ սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել: Նաեւ համագործակցում ենք ակտիվ քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների հետ»,- պատմում է Հայկ Հովհաննիսյանը:
Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:
«Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաեւ մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեքենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար»,- նշել է ՀՈԱԿ-ի տնօրենը:
«Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաեւ աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել: Իսկ մինչեւ այդ քաղաքացիների խնդիրն է՝ ստվարաթուղթը չգցել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ, այլ հավաքել եւ հանձնել թափոնների տեսակավորման վարչություն: Ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս. զանգահարեք +374 11 514 747 հեռախոսահամարով կամ այցելեք թափոնների տեսակավորման վարչության ֆեյսբուքյան էջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: