ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 2020թ. հունիսին արձանագրվել է 1,4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 1,7%։ «Միեւնույն ժամանակ՝ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա 0,8 մակարդակի վրա»,- ասել է ԿԲ նախագահը։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%:Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ մոնիտորինգային տվյալները, ասել է, որ 2020թ. 2-րդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության եւ արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսված զարգացումներին։ «Եռամսյակի վերջում, սակայն, հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձեւավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում։ Միաժամանակ, թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային եւ զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն»,- ասել է նա։ Մարտին Գալստյանը հայտնել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություններ չեն եղել։2-րդ եռամսյակում, համավարակի հետեւանքով, ՀՀ տնտեսական ակտիվության եւ ներքին պահանջարկի նվազումը գտնվել է Կենտրոնական բանկի կանխատեսումների շրջանակում։ «Նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության եւ ծառայությունների ճյուղերում, մինչդեռ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել»,- ասել է ԿԲ նախագահը։Նա նշել է, որ համավարակով պայմանավորված ներքին պահանջարկը դեռեւս կմնա թույլ, թեեւ դրամական փոխանցումների սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում։ «Գնահատվում է, որ վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես՝ շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները, կունենան դրական նպաստում թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա»,- ասել է Մարտին Գալստյանը։Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել 2-րդ եռամսյակի դրամավարկային ծրագրի կանխատեսումներին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ ներկա պայմանները բավարար խթանող են եւ անհրաժեշտ կլինի այդ խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում։ Դա հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել եւ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ՝ կանխատեսվող հորիզոնի վերջում։ Ըստ ԿԲ նախագահի՝ ներկա իրավիճակում համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է նաեւ հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը։ «Ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքեւի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ եւ անորոշության հավանական պահպանմամբ։ Նման ռիսկերի դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 2357