«ՔարտՄաստեր»-ը ներկայացրել է հերթական նորույթը՝ վճարային մատանի

21.07.2020 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՔարտՄաստեր #Վահագն Մեսրոպյան #վճարային մատանի
Հայաստանում պլաստիկ քարտերի արտադրության մեջ մասնագիտացած «ՔարտՄաստեր» ընկերությունը ներկայացրել է հերթական նորույթը վճարային գործիքների շուկայում, անկանխիկ վճարման ժամանակակից մեթոդ՝ վճարային մատանի։  

Ինչպես նշել են «ՔարտՄաստեր»-ում, որը հանդիսանում է ռուսաստանյան «Ալիոտ» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, վճարային մատանիները բանկային պրոդուկտ են, որոնք հիմնված են NFC անհպում վճարման տեխնոլոգիաների վրա։ Դրանք օժտված են սովորական պլաստիկ քարտերի բոլոր գործառույթներով։

Մատանին կարելի է օգտագործել ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար այն բոլոր վայրերում, որտեղ վճարման համար օգտագործվում են անհպում քարտերը։ Վճարման համար բավարար է մատանի կրող մատը մոտեցնել անհպում վճարման տերմինալին այնպես, որ մատանու հարթությունը զուգահեռ լինի տերմինալի ընթերցող մակերեւույթին։   

Հիմնականում օգտագործվում են կերամիկական մատանիներ՝ տարբեր չափերով, գույներով եւ դիզայներական լուծումներով, ավելին՝ հնարավորություն կա թողարկել թանկարժեք մատանիներ ըստ պատվիրատուի ցանկության՝ հաշվի առնելով հաճախորդի յուրահատուկ ցանկությունները եւ թանկարժեք մետաղների բարձր գինը։  

«Նորույթը հայտնվել է 2018 թվականին, ԱՊՀ-ում այն առաջին անգամ փորձարկել է «Ալիոտ» ընկերությունը ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ МКБ Բանկի հետ համատեղ։ Իսկ հիմա մենք վճարային մատանիները ներկայացրինք հայկական շուկայում։ Այսօրվա դրությամբ դրանք թողարկում է հայկական խոշորագույն բանկերից միայն մեկը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը», - նշվում է հաղորդագրության մեջ։

«Մատանիները նորարարությունների յուրատեսակ շարունակությունն են։ 2018թ. մեր ընկերությունը Հայաստանում առաջինը ներկայացրեց վճարային «ստիքերները», որոնք շատ հարմար են իրենց չափերով, եւ դրանք կարելի է փակցնել, օրինակ, բջջային հեռախոսին։ Համոզված եմ, ապագայում մենք ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ եւ զարմացնելու ենք բանկերի հաճախորդներին վճարային քարտերի շուկայի նորույթներով», - նշել է «ՔարտՄաստեր» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Մեսրոպյանը։    

Նրա խոսքերով, Հայաստանի բանկային համակարգը շատ զարգացած է, իսկ տեխնոլոգիական նորարարությունները ցանկացած շուկայում, բնականաբար, ողջունելի են եւ բարձրացնում են երկրի հեղինակությունը վճարային համակարգերի ոլորտում։

«Այնուհանդերձ, օգտվելով առիթից, կուզենայի նշել մի շատ կարեւոր գործոն։ Իմ կարծիքով, շատ կարեւոր է Հայաստանում ուժեղացնել «ընդունող կողմի» ենթակառուցվածքը։ Նկատի ունեմ տեղեկատվական մասը, որն ուղիղ իմաստով կապված է վճարային գործընթացների անվտանգության հետ։ POS-տերմինալները՝ հատկապես խոշոր առեւտրային կետերում պետք է լինեն անմիջապես հաճախորդի դիմաց, այլ ոչ թե գանձապահի, իսկ վճարային քարտը չպետք է ձեռքից ձեռք անցնի։ Այսպիսին է համակարգի կառուցվածքը բոլոր առաջադեմ երկրներում եւ, կարծում եմ, սա հատկապես կարեւոր է այնպիսի երկրի համար, որտեղ ինտենսիվ կերպով զարգանում է զբոսաշրջությունը։ Իմ ծանոթ զբոսաշրջիկներից շատերը զարմանում էին, երբ խանութում իրենցից պահանջում էին վճարային քարտը տալ վաճառողին։ «Ընդունող կողմը» պետք է միայն ստանա վճարման հաստատումը կամ մերժումը՝ կտրոնի կամ էկրանին երեւացող հաղորդագրության տեսքով»,- ընդգծել է «ՔարտՄաստեր» ընկերության ղեկավարը»։

Պլաստիկ քարտերի թողարկման շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող «ՔարտՄաստեր» ընկերությունն երկար տարիներ վճարային բանկային քարտեր է մատակարարում Հայաստանի բանկերին։ Ընկերությունը հայտնի է նաեւ խորհրդատվական ոլորտում՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով վճարային քարտերի ոլորտում։

Որպես աշխարհում առաջատար ընկերություններից մեկի՝ «Ալիոտ»-ի բացառիկ ներկայացուցիչ, եւ մշտական սերտ կապեր ունենալով խոշորագույն ռուսական բանկերի հետ, «ՔարտՄաստեր»-ը  ձգտում է իր ավանդը ներդնել հայկական բանկերի վճարային գործիքների նորարարական առաջխաղացման գործում։
Դիտում՝ 7205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW