«Հուսով ենք, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման աշխատանքները կարագացվեն»

17.07.2020 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ #նիստ
Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վարչապետն իր խոսքում գոհունակություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

«Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման եւ հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը եւ ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարեւոր նախապայման է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության եւ արդյունաբերականացման զարգացման քարտեզներին:

«Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաեւ նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման եւ իրագործմանն ուղղված նախագծեր:



Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ եւ նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաեւ ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում եւ կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ»:

Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին՝ առաջարկելով հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել եւ ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության հայեցակարգը:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաեւ «Բելավիա» ավիաընկերության աշխատանքին: «Բոլոր այս ամիսների ընթացքում այն շարունակում էր կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW