Զբոսաշրջության եւ հյուրանոցային ոլորտը ներկայացնող ընկերությունների ղեկավարներն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին են ներկայացրել համավարակի հետեւանքով ոլորտում առաջացած մի շարք խնդիրներ: Արձագանքելով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է՝ «կարեւոր է լինելու այսօրվանից մտածել զբոսաշրջության զարգացման ռազմավարության, երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված քայլերի, երկրի բրենդինգի եւ մարքեթինգի մասին»: Նա նշել է, որ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի՝ (UNCTAD) Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին պատրաստած զեկույցում այս տարի հավելում է կատարվել, նշվել են այն ուղղությունները, որոնք համավարակային եւ հետհամավարակային շրջանում կարեւոր են լինելու երկրի զարգացման համար:Արմեն Սարգսյանը հայտնել է, որ առաջիկայում պաշտոնապես հայտարարվելու է STARMUS միջազգային հեղինակավոր փառատոնը գալիք տարի Հայաստանում անցկացնելու մասին. «Այն գիտությանը, աստղագիտությանը, երաժշտությանն ու արվեստին նվիրված միջազգային փառատոն է, որի պատվո հյուրն էի անցյալ տարի Ցյուրիխում, որտեղ արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 6000 էր։ Ես առաջարկեցի կազմակերպիչներին՝ Գարիկ Իսրայելյանին, իմ ընկերներ Բրայան Մեյին, Փիթր Գաբրիելին գալ Հայաստան։ Խոսքն այն մասին է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտներ են գալու, նոբելյան մրցանակակիրներ, գիտնականներ, լինելու է գիտության, աստղագիտության, երաժշտության եւ նաեւ արհեստական բանականության փառատոն։ Հետաքրքրությունը շատ մեծ է, որովհետեւ Հայաստանը ցուցադրելու շատ բան ունի»։Նա նշել է նաեւ մյուս միջոցառումների՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի, «Հորասիս-Չինաստան» համաժողովի մասին, որոնք ծրագրվում են աշնանը, եւ որոնց նկատմամբ եւս մեծ հետաքրքրություն կա. «Սրանք միջոցառումներ են, որոնք կարող են աջակցել զբոսաշրջությանը: Հյուրերից շատերը գալիս են նաեւ ընտանիքներով, բացահայտում են Հայաստանը, կապեր են հաստատում»։ Ամփոփելով հանդիպումը՝ նախագահը նշել է, որ թեեւ զբոսաշրջության ոլորտը համավարակից ամենաշատ տուժածներից է, բայց այն մնում է ամենակարեւորներից մեկը մեր երկրի համար. «Աշխարհը պետք է նաեւ ձեր միջոցով իմանա Հայաստանի մասին»։ Tweet Դիտում՝ 1426