Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ Եվրոպական Միությունը (ԵՄ) այսօր հայտարարել են Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արեւային էներգակայանի ստեղծմանն իրենց աջակցության մասին, որը առաջինն է նաեւ Կովկասի համար։ Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում գտնվող 55 ՄՎտ պիկային հզորությամբ եւ 9 կիլոմետր երկարությամբ կայանը կմեծացնի Հայաստանի վերականգնվող էներգիայի առաջարկը եւ կօգնի երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծվող էներգակիրներից։IFC-ից հայտնում են, որ կայանը կառուցում է Fotowatio Renewable Ventures (FRV)-ը, որը արդյունաբերական մասշտաբի վերականգնվող էներգիայի ծրագրերի ոլորտի գլոբալ առաջատար Abul Latif Jameel Energy-ի մասնաճյուղ է։ Կազմակերպությունը $35,4 մլն փոխառության փաթեթ է ստանալու, որից $17,1 մլն-ը լինելու է երկարաժամկետ ֆինանսավորում IFC-ի եւ EBRD-ի մեկական վարկերի միջոցով։ Ծրագիրը նաեւ €3 մլն ներդրումային դրամաշնորհ է ստանալու Եվրոպական միությունից, որը մոբիլիզացվելու է EBRD-ի կողմից։ IFC-ի ֆինանսավորման փաթեթը ներառում է $8․9 մլն վարկ IFC-ի սեփական հաշվից եւ $8,9 մլն` Ֆինլանդիայի եւ IFC-ի Կլիմայի ծրագրի մասով համատեղ ֆինանսավորումից։ Ամերիաբանկը տրամադրելու է ֆինանսավորում հարկերի վճարման հավելյալ կարիքների համար։Մասրիկի արեւային կայանը, ըստ նախատեսվածի, արտադրելու է տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրականություն՝ մեկ կիլովատ ժամի դիմաց 4,19 ȼ մրցակցային սակագնով։ Էլեկտրականությունը էներգիայի գնման համաձայնագրի շրջանակներում իրացվելու է Հայաստանի էլեկտրական ցանցերին, որը էլեկտրաէներգիայի բաշխիչ կոմունալ ընկերություն է։ Ծրագիրը կհեռացնի տարեկան 40 000 տոննա ածխաթթու գազի արտանետումը։ Ներկա պահին Հայաստանի էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 70 տոկոսը կախված է ներմուծվող էներգակիրներից։ Քանի որ էլեկտրականության պահանջարկը երկրում աճում է, ակնկալվում է, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կապահովեն կայուն եւ էժան այլընտրանքային աղբյուր, եւ նախատեսված է, որ Մասրիկի կայանը օրինակ է ծառայելու Կովկասի մյուս երկրների համար։«Մասրիկի արեւային էներգիայի արտադրության ծրագիրը հիմնարար դերակատարում է ունենալու Հայաստանում էներգետիկայի եւ կլիմայի բնագավառների նպատակների իրագործման հարցում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ Կայուն զարգացման նպատակներին համահունչ։ Այն նաեւ կարող է մի շարք նոր աշխատատեղեր ապահովել, ստեղծել նոր արդյունաբերական հնարավորություններ տարածաշրջանում եւ նպաստել տնտեսական աճին` այժմ, երբ ԵՄ-ն խթանում է Եվրոպայի նոր Կանաչ գործարքը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։IFC-ի Ենթակառուցվածքների եւ բնական պաշարների վարչության տարածաշրջանային ավագ տնօրեն Շերիլ Էդլեսոն Հանվեյն էլ նշել է, որ «Էներգետիկ անվտանգությունը վճռորոշ է բիզնեսի համար, այդ իսկ պատճառով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի պլաններին օգնելը IFC-ի առաքելության կարեւոր մաս է»: Tweet Դիտում՝ 5172