Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) ներկայացրել է հանքարդյունաբերության եւ բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությունը 2019 եւ 2020 թվականների հունվար-մայիս ամիսներին:Հանքարդյունաբերության եւ բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020-ի հունվար-մայիսին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 147,7 մլրդ դրամ՝ արձանագրելով 25,7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26,5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման կառուցվածքում կազմել է 97,3%:Հանքարդյունաբերության եւ բացահանքերի շահագործման այսպիսի կատարողականը բացատրվում է «Հանքաքարեր, խարամ եւ մոխիր» ապրանքային խմբի արտահանման ծավալների 18,6% աճով՝ կազմելով շուրջ 271,3 մլն դոլար: Սա իր հերթին պայմանավորված է այս ապրանքային խմբի հիմնական ապրանքատեսակների՝ թանկարժեք մետաղի, մոլիբդենի եւ պղինձի հանքաքարի խտանյութերի արտահանման ծավալների աճով: «Հետաքրքրական է նկատել, որ 2 հիմնական արտահանվող ապրանքատեսակների՝ պղնձի եւ մոլիբդենի դեպքում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է արտադրանքի ֆիզիկական ծավալի (տոննայով արտահայտված) համապատասխանաբար՝ 24,1% եւ 1,7 անգամ աճ, ինչն էլ հիմնականում ուղղվել է դեպի արտահանում: Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համադրելով հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման արտադրանքի ծավալի փոփոխության, ֆիզիկական ծավալի եւ արտահանման ծավալների հետ հնարավոր է եզրահանգել, որ դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների աճը պայմանավորված է ֆիզիկական ծավալների աճով, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում գների տատանումներից վնասները նվազագույնի հասցնելու նպատակով ավելի շատ են արտահանել (տոննայով): Իսկ տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից: Tweet Դիտում՝ 1529