Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ ##Տիգրան Սարգսյանը կարծում է, որ “Ռուսաստանի հետ հարաբերությունների ամուր հիմքի շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել մի շարք խնդիրներ, այդ թվում` կապված Millennium Challenge Account ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնության ժամանակավոր դադարեցման հետ”:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԿԲ նախագահն այդ մասին ասել է այսօր “Ռոսիյսկայա գազետա” թերթում հրապարակված հարցազրույցում:Մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման հնարավոր սառեցման մասին, Տիգրան Սարգսյանն ասել է.“Իհարկե, այդ ծրագիրը շատ կօգներ երկրին: Սակայն ավելի մեծ չափով մենք հույսը դնում ենք սեփական տնտեսական ներուժի վրա: Հայաստանն առաջ է ընթանալու շուկայական բարեփոխումների ճանապարհով: Այն ցուցանիշները, որոնք կան ու անպայման կլինեն, թույլ կտան մեր ամերիկացի գործընկերներին վերանայել որոշումն ու վերսկսել ծրագիրը: Ռուսաստանի հետ հարաբերությունների ամուր հիմքի շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել մի շարք խնդիրներ, այդ թվում` կապված Millennium Challenge Account ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնության ժամանակավոր դադարեցման հետ: Վերջին երեք տարիների Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների աճը խոսում է այն մասին, որ Հայաստանի ֆինանսա-տնտեսական խնդիրները հաղթահարելի են”:Խոսելով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին, ԿԲ ղեկավարն ասել է.“Նախկինում մեր տնտեսական հարաբերությունները 2-3 տարով ետ էին մնում քաղաքական հարաբերություններից, սակայն վերջին երեք տարիների ընթացքում մենք ակտիվորեն լրացնում ենք բացթողումները: ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համար առաջնային են նոր ոլորտները, գիտատար տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները: Դա կխթանի մեր տնտեսությունների հետագա ինտեգրումը”: Tweet Դիտում՝ 6186