Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի առաջատար ընկերությունների պարտքը 2020թ. կավելանա $1 տրլն-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը: Աշխարհի 900 խոշորագույն ընկերությունների ընթացիկ վիճակն ուսումնասիրող Janus Henderson վերլուծական ընկերության հետազոտության համաձայն՝ համավարակի պատճառով կորպորատիվ գլոբալ պարտքը կավելանա միանգամից 12%-ով, հասնելով մոտ $9,3 տրլն-ի: Ներկայիս դրությամբ պարտքի գրեթե կեսը՝ $3,9 տրլն-ը, բաժին է հասնում ամերիկյան ընկերություններին, որոնց փոխառությունները վերջին 5 տարվա ընթացքում աճում էին աշխարհում ամենաարագ տեմպերով: Այս ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում է Գերմանիան՝ $762 մլրդ, որից $192 մլրդ-ը բաժին է հասնում Volkswagen ընկերությանը: Անցյալ տարի այս ցուցանիշը եւս կտրուկ աճ էր գրանցել՝ 8%, ինչը պայմանավորված էր մի շարք տնտեսական պատճառներով. միաձուլումներով եւ ձեռքբերումներով, շահաբաժինների վճարումների եւ բաժնետոմսերի ձեռքբերման համար փոխառություններով: Սակայն, ինչպես նշում են փորձագետներն, այս տարի վիճակն այս ոլորտում զգալիորեն ավելի դժվար է, քանի որ համավարակի հետեւանքները բացասաբար են ազդում եկամուտների վրա:«COVID-19-ը փոխեց ամեն ինչ: Այսօր խոսքը գնում է կապիտալի պահպանման եւ հավասարակշռության ամրացման մասին»,- ընդգծել է Janus Henderson-ի փորձագետ Սեթ Մեյերը: Tweet Դիտում՝ 3568