Եվրոպական ընկերությունները մոտ $100 մլրդ-ի եկամուտ են կորցրել

13.07.2020 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Royal Dutch Shell #Volkswagen #Barclays
Կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրոպական ընկերությունների եկամուտներն այս տարվա սկզբից նվազել են ավելի քան $100 մլրդ-ով, վկայում են Dow Jones-ի հաշվարկները։

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, ամենից շատ տուժել են էներգետիկ ոլորտի ընկերությունները, ավտոարտադրողներն ու նորաձեւության բնագավառի ներկայացուցիչները։ Այս պայմաններում շահել են մթերային ռիթեյլերներն ու դեղագործական ընկերությունները։

Dow Jones-ի գնահատականները հիմնված են եվրոպական ընկերությունների եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների վրա՝ ընթացիկ տարվա հունվարից մինչեւ մայիսի վերջ. այս ընթացքում նրանք կորցրել են ընդհանուր առմամբ $102,66 մլրդ-ի եկամուտ։ Միաժամանակ, հավելյալ եկամուտը, որը ստացվել է, այդ թվում դեղամիջոցների ու սննդամթերքի նկատմամբ ավելացած պահանջարկի հաշվին, կազմել է $23,87 մլրդ։

Նավթային ընկերությունների կորուստները տարվա սկզբից կազմել են մոտ $41,53 մլրդ՝ եվրոպական բիզնեսի կողմից կորցրած եկամուտի 40%-ը։ Մասնավորապես, Royal Dutch Shell-ը հայտնել է 2020թ. առաջին եռամսյակում եկամուտի 29%-անոց անկման մասին ($23,71 մլրդ)։

Ֆրանսիական Total-ը, բրիտանական BP-ն եւ իսպանական Repsol-ն առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ կորցրել են $16,47 մլրդ-ի եկամուտ։

Ավտոմոբիլային ոլորտում կորցրած եկամուտն առաջին եռամսյակում կազմել է $13,64 մլրդ, ընդ որում Volkswagen-ը եւ Fiat Chrysler Automobiles-ը հայտնվել են ճգնաժամի արդյունքում ամենալուրջ տուժած եվրոպական ընկերությունների տասնյակում։

Տարածաշրջանի ավիաընկերությունները հայտնել են ընդհանուր եկամուտների $4,29 մլրդ-ի չափով կորուստի մասին, ընդ որում  Deutsche Lufthansa-ի եկամուտը հունվար-մարտ ամիսներին նվազել է $1,56 մլրդ-ով։

Եթե մթերային ռիթեյլերները՝ համավարակի ընթացքում սննդամթերքի նկատմամբ ավելացած պահանջարկի հաշվին շահած են դուրս եկել, ապա հագուստի, կոշկեղենի եւ աքսեսուարների խանութները հայտնվել են տուժածների շարքում։

Այսպես, շվեդական Hennes & Mauritz-ի եկամուտը եռամսյակի կտրվածքով (ավարտվել է մայիսի 31-ին) նվազել է 2 անգամ, քանի որ ընկերությունը ստիպված է եղել փակել խանութների մոտ 80%-ը։

Inditex-ը հայտարարել է ֆինանսական առաջին եռամսյակում (փետրվար-ապրիլ) եկամուտի 44%-անոց անկման մասին։

Լյուքսային բրենդներից ամենաշատը տուժել է ֆրանսիական LVMH Moet Hennessy Louis Vuitton կոնգլոմերատը, որի եկամուտն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է $2,12 մլրդ-ով։

Բանկերի, ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆինանսական հաստատությունների վրա համավարակի ազդեցությունը միանշանակ չի եղել։ Այսպես, գերմանական Allianz ապահովագրական ընկերությունը, ինչպես նաեւ Barclays ու UBS բանկերը շահույթով են դուրս եկել, մինչդեռ ոլորտի այլ ներկայացուցիչներ կորցրել են իրենց եկամուտներում։
Դիտում՝ 2875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW