Արեւմտյան շուկաներում եւ Ասիայում հեծանիվներ արտադրողները չեն կարող բավարարել գնորդների աճող պահանջարկը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի ընթացքում այդ տրանսպորտային միջոցին տրվող նախապատվությամբ։Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, խանութներն ամբողջ աշխարհում նոր խմբաքանակ ստանալուն պես անմիջապես սպառում են այն։ «Սա այն դեպքն է, երբ համաշխարհային շուկաներում հեծանիվների վաճառքի ծավալը գերազանցում է առաջարկը»,- Financial Times-ին ասել է Human Powered Solutions խորհրդատու Ջեյ Թաունլին։ Համաձայն Foxintelligence հետազոտական ընկերության տվյալների՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայում ապրիլ ամսին հեծանիվների առցանց վաճառքներն ավելացել են 350%-ով։Ամբողջ աշխարհում ներկայացված ֆրանսիական Decathlon սպորտային ապրանքների խանութների ցանցը հայտնել է, որ իր խանութներից շատերում վերջացել են հեծանիվների բյուջետային մոդելները, եւ «տասնյակ հազարավոր» մարդիկ սպասում են նոր մատակարարումների։ Ընկերությունը սկսել է գնել օգտագործված հեծանիվներ՝ վերանորոգելու եւ վերավաճառելու նպատակով, որպեսզի ապահովի գնորդների պահանջարկը։ Ընկերությունում ընթացիկ իրավիճակը «հեծանվային բում» են անվանել։ Ամերիկյան Չիկագոյում եւ Դենվերում խանութներ ունեցող Turin Bicycle ընկերության համասեփականատեր Լի Կացը հայտնել է, որ վաճառել է մինչեւ $1 հազ. արժողությամբ բոլոր մոդելները։ «Ես այս բիզնեսում 55 տարի եմ, անցել եմ շատ վերելքների ու անկումների միջով։ Սակայն նման բան երբեւիցե չէր պատահել»,- ասել է նա։ Brompton ծալովի հեծանիվների լոնդոնյան արտադրողը, որի մոդելները գերազանցում են 1 հազ. ֆունտ ստերլինգը, եւս նշում է պահանջարկի կտրուկ աճի մասին։ «Մենք երբեւիցե չենք ունեցել նման աշխույժ առեւտուր։ Պահանջարկը գերազանցում է մեր հնարավորությունները»,- ասել է ընկերության ղեկավարը։ Brompton-ը մինչեւ հոկտեմբեր չի ընդունի նոր պատվերներ խանութներից, սակայն սկսել է հեծանիվներ վաճառել անմիջապես համացանցի միջոցով։Ինչպես գրում է Financial Times-ը, հեծանիվների նկատմամբ մեծ պահանջարկը պայմանավորված է նրանով, որ շատ մարդիկ խուսափում են երթեւեկել հասարակական տրանսպորտով կորոնավիրուսով վարակվելու աճող ռիսկի, ինչպես նաեւ լոքդաուններով պայմանավորված աշխարհի շատ քաղաքներում ավտոմոբիլային տրաֆիկի կտրուկ անկման պատճառով։ Tweet Դիտում՝ 2605