Newmag-ը եւ «Գալաքսի»-ն ներկայացնում են Հարարիի բեսթսելերը

03.07.2020 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Newmag #Գալաքսի #Sapiens
21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։

Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային առաջնորդների սիրելի հեղինակի եւ Դավոսի համաժողովի գլխավոր խոսնակի գիրքը հայ հանդիսատեսին ներկայացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ՝ Newmag հրատարակչության կողմից։ «Sapiens»-ը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, վաճառվել 12 միլիոն օրինակ եւ 5 տարի անընդմեջ գլխավորել New York Times-ի բեսթսելերների ցուցակը:

«Պատմահասարակագիտական եւ քաղաքագիտական բնույթի գրականության կարիք այսօր շատ կա: Հատկապես ժամանակից քաղաքագիտական միտքը կարեւոր է հասկանալու համար ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում, տեղի ունեցող քաղաքական, հասարակական երեւույթները, շարժումները, իրադարձությունները, եւ դրանց սթափ գնահատական տալու համար», - ասել է Newmag ընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

«Sapiens» գրքում Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա եւ կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է պատմական գրքերի մասին կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 հազար տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:

«Որպես գործարար, որը երազում է տեսնել Հայաստանը ինովացիայի գլոբալ քարտեզի վրա, անձնապես ինձ ու մեր թիմի համար այս գործընկերությունն ու եռագրության թարգմանությունը մի քանի նպատակ ունի։ Նախ, դառնալ համաշխարհային օրակարգի եւ գլոբալ երկխոսության մաս, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին։ Երկրորդ՝ համաշխարհային կարեւորության ամենաթարմ եւ ամենաորակյալ գրականությունը ներկայացնել հայերեն։ Եվ երրորդ` ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը, վերաիմաստավորել նաեւ մեր երկրի ապագան», - գրքի բացման խոսքում ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա, ներկայացնում է մարդկության անցյալը եւ այդ անցյալում տեղի ունեցած կարեւորագույն շրջադարձերը, որոնք մինչ այսօր մեծ ազդեցություն են ունենում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների եւ պետությունների վրա: Հարարիի եռագրության առաջին թարգմանության շնորհիվ «Գալաքսի» ընկերությունների խումբն ու Newmag հրատարակչությունը խոստանում են քննարկումների, մտքի գրոհների ու մտավոր կապիտալի ստեղծման հետաքրքիր նախագիծ։

«COVID-19» համաճարակով պայմանավորված՝ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա առցանց եւ Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հուլիսի 6-ին, առավոտյան 10։15-ին, «Բարի լույս» ծրագրի շրջանակում։

Գիրքը հուլիսի 6-ից հասանելի կլինի բոլոր գրախանութներում։
Դիտում՝ 2281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW