«Հայաստանը պետք է դարձնել գյուղմթերքի միջազգային առեւտրի կենտրոն»

02.07.2020 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #գյուղատնտեսություն
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող եւ սպասարկման ոլորտների ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ կորոնավիրուսի դժվարություններին զուգահեռ՝ լինելու են տնտեսական մեծ դժվարություններ, այդ թվում՝ պարենի անվտանգության ոլորտում։

Նախագահի խոսքով՝ Հայաստանը պետք է շատ խորը եւ ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։

«Դրա ճանապարհներից մեկը գուցե հետեւյալն է՝ վերագնահատել այն, ինչ ունենք, վերագտնել նոր շուկաներ։ Հոյակապ է, որ մենք, օրինակ, ռուսական շուկայում որոշակի տեղ ունենք, բայց մեկ շուկան բավարար չէ հավասարակշռությունը պահելու համար։ Պարենի անվտանգությունը պարենի հավասարակշռված արտադրությունն է եւ առեւտուրը։ Մեր դեպքում լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների եւ սննդի միջազգային առեւտրի կենտրոն։ Մենք պետք է արտահանենք ամենաբարձր որակի ապրանքներ, որովհետեւ քանակով չենք կարողանալու մրցել։ Այսինքն, եթե հայկական ծիրան է, ուրեմն պետք է լինի լավագույնը, հայկական կոնյակը՝ լավագույնը, հայկական ջուրը կամ մնացած բոլոր ապրանքները՝ լավագույնը»,- ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը նաեւ նշել է՝ Հայաստանը կարող է դառնալ ՏՏ երկիր, բայց, միաժամանակ, հստակ է, որ նաեւ կարող է շատ ավելին անել գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում։

«Բավական է այցելել գյուղեր եւ տեսնել, թե մեր տարածքների ո՞ր մասն է մշակված։ Բավական է գնալ Արցախ եւ տեսնել, թե ինչ հսկայական ներուժ կա, որ չի օգտագործվում։ Նախընտրելի է, որ բլուրները, գեղեցիկ դաշտերը ոչ թե հանքավայր դառնան, այլ մնան արոտավայրեր։ Հանքարդյունաբերությունը հեռանկարային չէ եւ վնասում է բնությունը։ Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է։ Կա հսկայական շուկա մեր հարեւանությամբ՝ Իրանից սկսած մինչեւ Ծոցի բոլոր երկրներ»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) նախագահ Արա Հովսեփյանը, «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ-ի (Menu.am) սեփականատեր, գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը, «Նավասարդ ագրո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմինե Մելքոնյանը, «Գոլդն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Հակոբյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Էլինա Մարգարյանը:

Գործարարներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի ազդեցությանն իրենց գործունեության ոլորտների վրա եւ խոսել այդ ուղղությունների զարգացման հեռանկարների մասին:

Հանրապետության նախագահի առաջարկով նրանք ներկայացրել են նաեւ ներկայումս իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, հնարավոր ռիսկերը: Անդրադարձ է եղել մասնավորապես հողատարածքների արդյունավետ կառավարման, արտահանման շուկաների ընդլայնման հարցերին, ինչպես նաեւ՝ հարկային արտոնությունների, աշխատատեղերի պահպանման եւ մի շարք այլ խնդիրների:
Դիտում՝ 1908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW