ՏԶՆԿ. Սոցվճարների փոփոխությունները կհանգեցնեն տնօրինվող եկամուտների նվազմանը

30.06.2020 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #սոցիալական վճարներ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող  սոցիալական վճարների փոփոխություններին:

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքի  500 հազ. դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 000 դրամը, իսկ սոցիալական վճարի առավելագույն չափը կազմում է 12 500 դրամ եւ 500 000 դրամ համախառն եկամտի գերազանցող մասի համար սոցիալական վճար չի հաշվարկվում: 

«2020-ի հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի  առավելագույն շեմերը. ամսական եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, իսկ տարեկան եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը։ Այսինքն` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը հուլիսի մեկից հետո կազմելու է 1 020 000 դրամ: Նշենք, որ 2020-ի հուլիսի 1-ից  հետո  սոցիալական վճարը կկազմի «10%-ի եւ 25 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000 դրամը» եւ առավելագույն վճարն այս դեպքում 77 000 դրամ է կազմելու: Այս փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա 92 620-500,000 դրամ համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց վրա:

Սակայն համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» 81-րդ հոդվածի մինչեւ ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը «սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12 500 դրամ, կատարում է պետությունը», ինչպես նաեւ «կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 500 դրամը»։ Մյուս կողմից էլ հիմք ընդունելով սույն ԱԺ-ի կողմից 2019-ի հունիսի 25-ին ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, սոցիալական վճարները հաշվարկվելու են հետեւյալ կերպ 2021-2022-ի համար»,- ասված է ՏԶՆԿ հաղորդագրությունում:

Աղյուսակ՝ Սոցիալական վճարի հաշվարկումը 2021-2022-ին



Սոցիալական վճարների հաշվարկման նոր եղանակը կհանգեցնի հետեւյալի՝

- 2020-ի հուլիս ամսին նախորդ ամսվա համեմատ զգալիորեն բարձրանալու է սոցիալական վճարների չափը 500 000 դրամից ավել համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար, որի արդյունքում համապատասխանորեն կկրճատվի նաեւ վերջիններիս տնօրինվող եկամուտը:

- Անվանական արտահայտությամբ (գնաճի ազդեցությունը հաշվի չառնելով) 2021-2022-ին եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը թեեւ կմեղմի զուտ եկամուտների կրճատումը, սակայն ինչպես 2021-ին, այնպես էլ 2022-ին 500 000 դրամից բարձր համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց զուտ եկամուտները զիջելու են 2020-ի հունիսի մակարդակին:

- 2021-ին, այնպես էլ 2022-ին 2020-ի հունիսի համեմատ 500 000  դրամից բարձր համախառն եկամուտների պարագայում գրանցվելու է նաեւ իրական զուտ եկամուտների կրճատում՝ գնաճով ճշգրտված:

- Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի աշխատավարձի մակարդակ ունեցողները, նաեւ կարող են համարվել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած անձինք՝ հատկապես նորակառույցներում, ապա նաեւ հետագա 2021-2026-ին գույքահարկի բարձրացումը հաշվի առնելով, կհանգեցնի նրան, որ այդ անձինք դժվարություններ կունենան պահպանելու սպառման տվյալ մակարդակը հիփոթեքային վարկերի մարումների եւ գույքահարկի բարձրացմանը զուգահեռ:
Դիտում՝ 2010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW