ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ասել է, որ «գույքահարկի վերաբերյալ փոփոխությունը ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն է, այլ տրամաբանական շարունակությունն է հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների»:Նախարարի խոսքով՝ կադաստրային արժեքները, որոնք գործում էին գույքային հարկերի հաշվարկման համար, ձեւավորվել էին շատ վաղուց եւ շատ հեռու էին դրանց շուկայական արժեքներից:«Մեզանում առհասարակ հարկն ընկալվում է որպես բեռ: Մեր մոտեցումն այն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական կամ համայնքի բյուջեն ենթադրվում է, որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը: Եթե այդ տեսակետից դիտարկվի, շատ ավելի ընկալելի կլինի երեւույթը: Այս մոտեցումը պետք է չանտեսվի, մենք չենք հասել համայնքային կամ հանրային ծառայությունների այնպիսի որակի, որ կարող ենք համարել բավարարված: Չեք գտնի որեւէ մեկին, որ համարի բավարարված իր բնակության միջավայրով, հետեւաբար, ճանապարհը դրա դիմաց վճարելն է»,- ասուլիսի ժամանակ նշել է Ատոմ Ջանջուղազյանը:ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ նշել է, որ 1994 թվականից սկսած կադաստրային արժեքներ են սահմանվել ՀՀ-ում, որոնք որոշակի փոփոխությունների են ենթարկվել 1997, 2001 եւ 2003 թվականներին:«Ներկա պահին ունենք երկու տիպի կադաստրային արժեք. դրանցից մեկը հարկման հիմքում նստած կադաստրային արժեքն է, մյուսը՝ համայնքային եւ պետական սեփականության հողերի օտարման համար հաշվարկվող կադաստրային արժեքը: Վերլուծելով իրավիճակը, հասկանում ենք, որ շուկան եւ ներկա իրավիճակը բացարձակ աղերս չունեն իրար հետ: Այս գործընթացի կազմակերպման ամբողջ իմաստն այն էր, որ արտացոլեինք իրական պատկերը եւ շուկայում ստեղծեինք մի իրավիճակ, որ յուրաքանչյուր թիվ ունենա հստակ հիմնավորում»,- ասել է Սուրեն Թովմասյանը:Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ անդրադառնալով քննադատություններին, թե ճգնաժամային իրավիճակում հարկային բեռ է ավելանում, նշել է. «Դա սխալ ընկալման արդյունք է: Սահուն ժամանակահատված ենք դնում՝ 6 տարի, որպեսզի այդ բեռը մարդիկ չզգան: Նոր կանոններով առաջին վճարումը մեր քաղաքացիները կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին, ընդ որում նոր գույքահարկերի 25%-ի չափով: Այսինքն` խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին, իմ կարծիքով այդքան էլ արդարացի չէ:Պետք է անպայման նկատի ունենալ, որ այս գումարները գնալու են համայնքային բյուջեներ, եւ եթե ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է նաեւ ընդունել, որ դրանց որոշակի եկամուտներ են պետք»:Ատոմ Ջանջուղազյանը հավելել է, որ գույքահարկի աստիճանական բարձրացմամբ 4 անգամ կաճի համայնքների բյուջեների միջին եկամուտը. «Այսօր դա մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, կդառնա 40 մլրդ եւ մի փոքր ավելի»: Tweet Դիտում՝ 1520