Ս.թ. հունիսի 26-ին հեռավար եղանակով պաշտոնապես մեկնարկեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող եւ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ եւ ձեռնարկատիրական հմտությունների բարելավում ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $149 հազ., որից $105,5 հազարը տրամադրել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը: Ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծել աշխատանքի բացառիկ հնարավորություն` խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի եւ ձեռներեցության զարգացումը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչներով: Առաջին բաղադրիչի շրջանակում 60 մարզաբնակ երիտասարդներ կմասնակցեն Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի եւ մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետների կողմից անցկացվող ՏՏ գծով վեցամսյա դասընթացների, որոնց կհաջորդի երկամսյա աշխատանքային պրակտիկա այդ ընկերությունների մարզային մասնաճյուղերում: Երկրորդ բաղադրիչը նախատեսում է մարզաբնակ 40 երիտասարդների համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման եւ բիզնես պլանավորման գործնական դասընթացների կազմակերպում, որը վերջիններիս կընձեռի սեփական բիզնես սկսելու եւ զարգացնելու հնարավորություն: «Մենք HSBC-ում քաջ գիտակցում ենք, որ երկրի տնտեսական զարգացումը անհնարին է պատկերացնել առանց համայնքների տնտեսական զարգացման: Ծրագրի շրջանակներում 100 մարզաբնակ երիտասարդների կընձեռվի ՏՏ եւ ձեռներեցության ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու եւ դրանք իրենց հարազատ համայնքներում կիրառելու հնարավորություն: Սա մեծ քայլ է թիրախային մարզերում գործազրկության նվազեցման եւ համայնքների երկարատեւ տնտեսական զարգացման ապահովման ուղղությամբ»,- ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր կողմից շնորհակալություն է հայտնել «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբին արդյունավետ համագործակցության եւ ծրագրի իրականացումը հիմնադրամին վստահելու համար։ Վերջինս ընդգծել է, որ ծրագիրը ՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծելու է ՏՏ ոլորտում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու բացառիկ հնարավորություն, ինչպես նաեւ տրամադրելու է ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար աջակցության զանազան գործիքներ, ինչը կօգնի երիտասարդներին կյանքի կոչել իրենց բիզնես նախագծերը։ Tweet Դիտում՝ 7485