ԿԲ նախագահ․ Ցանկացած դեպքում պատրաստ ենք ապահովել գների կայունությունը

25.06.2020 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #Կենտրոնական բանկ
ՀՀ կենտրոնական բանկը(ԿԲ) շարունակում է հավատարիմ մնալ գների եւ ֆինանսական կայունության իր առաքելությանը, ինչը ցանկացած երկրի տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկն է։

Այս մասին Ազգային ժողովում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Վերահաստատում եմ, որ մենք պատրաստ ենք բաց եւ թափանցիկ ներկայացնել մեր քաղաքականության հիմքերն ու ուղղությունները»,- նշել է ԿԲ նախագահը։

Խոսելով դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին՝ Մարտին Գալստյանն ասել է, որ այն մշակվել է մարտի երկրորդ կեսին, երբ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում արագ տեմպերով տարածվում էր կորոնավիրուսի համավարակը։ Օրեցօր վատթարացող համաշխարհային տնտեսության կանխատեսումներն առիթ են դարձել, որ ԿԲ-ն անընդհատ վերանայի իր կանխատեսումները։

«Անորոշության աճի պայմաններում մենք խնդիր ունեինք հասկանալու համավարակի տնտեսական ազդեցության մեխանիզմն ու ձեւավորելու մեր քաղաքականության ուղղությունը։ Քանի որ համավարակի տնտեսագիտական գործնական մոդելներ աշխարհում գոյություն չունեին՝ ԿԲ-ն սեղմ ժամանակահատվածում մշակեց իր սեփականը՝ տնտեսության վրա համավարակի ազդեցության ուղղությունները վերացնելու համար։ Մեր գնահատականներով՝ դրանք հետեւյալն են՝

1․ առաջարկի զգալի կրճատում՝ աշխատուժի կրճատման հետեւանքով,
2․ պահանջարկի անկում ոչ առաջնային սպառման ապրանքների եւ այն ծառայությունների նկատմամբ, որոնք կապված են սոցիալական շփումների հետ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը եւ այլն: Այս ազդեցությունը զգալի գնանկումային է, որի չափն ամբողջությամբ դժվար է գնահատել»,- ասել է ԿԲ նախագահը։

Նա հավելել է, որ, միեւնույն ժամանակ, պահանջարկի կտրուկ աճ է նկատվել առողջապահական որոշ ապրանքների նկատմամբ, որի ազդեցությունը թեեւ գնաճային է, սակայն փոքր, արդյունքում ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվել է չեզոք։

«ԿԲ-ն՝ վերլուծելով տնտեսության զարգացումները, գնահատում էր, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը, այնուամենայնիվ, սահմանափակ է։ Այս պարագայում, սակայն, կարեւոր էր շարունակել պահպանել երկրի մակրոկայունությունը, ինչը նաեւ թույլ կտար ապահովել կառավարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականության թիրախավորված միջոցառումների արդյունավետությունը։

Կարող եմ փաստել, որ ցածր գնաճային միջավայրը զգալիորեն թուլացրեց երկընտրանքը գների կայունության կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակների միջեւ, ինչը թույլ տվեց, որ ԿԲ-ն ֆինանսական շուկայի տատանողականության ներքո նվազեցնի տոկոսադրույքը՝ առաջնորդվելով գների կայունության միջնաժամկետ նպատակով։ Մինչդեռ, օրինակ, տարածաշրջանի մյուս երկրներն ավելի մեծ անկայունության պայմաններում ստիպված եղան կամ բարձրացնել տոկոսադրույքը, կամ առնվազն չկարողացան նվազեցնել այն»,- ասել է Մարտին Գալստյանը։

Նա նաեւ հավելել է, որ ԿԲ քաղաքականության ապագա ընթացքի համար շարունակում են կարեւոր գործոններ մնալ առողջապահական իրավիճակի զարգացումը եւ դրա ներքո մարդկանց վարքագծի փոփոխությունը։

«ԿԲ-ն շարունակում է մշտադիտարկել ու վերլուծել իրավիճակը, մշակում է հնարավոր տարբեր սցենարներ եւ հետեւողական է ցանկացած զարգացման պարագայում ապահովել գների կայունությունը Հայաստանում»,- ասել է ԿԲ նախագահը։
Դիտում՝ 3289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW