Հայաստանի կառավարության այսօրվա նիստում ընդունվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարզաբանել է, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի քաղաքացիներին:Նախարարը նշել է, որ միջոցառման շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Զարուհի Բաթոյանն ասել է, որ միջոցառումը չի վերաբերում վարկային կազմակերպություններին, գրավատներին, ապահովագրական ընկերություններին, արտարժույթի փոխանակման կետերին,ներդրումային կազմակերպություններին, ներդրումային ֆոնդերին, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչներին, ներդրումային ֆոնդերի կառավարիչներին, վճարահաշվարկային կազմակերպություններին, ապահովագրական բրոքերներին, վարկային եւ ապահովագրական բյուրոներին, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններին, պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական կառավարչական հիմնարկներին, համայնքային կառավարչական հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, հասարակական միավորումներին, ոչ առեւտրային կոոպերատիվներին, կուսակցություններին։Աջակցությունից չեն կարող օգտվել նաեւ հետեւյալ անձինք՝1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.2) ով 2020թ. հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.3) 2020թ. հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 18-ի N 983-Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու։ Tweet Դիտում՝ 2485