Տնօրենների հայկական ինստիտուտի ուղերձն ընկերություններին

23.06.2020 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնօրենների հայկական ինստիտուտ #COVID-19 #ուղերձ
Տնօրենների հայկական ինստիտուտը (ՏՀԻ) մշակել է ուղերձ ընկերությունների ղեկավարների  եւ բաժնետերերի համար COVID-19 համավարակի պայմաններում կառավարման գերակայությունների վերաբերյալ:

Ինչպես Banks.am-ին հայտնել են ՏՀԻ-ում, ուղերձի հիմնական նպատակն է ընկերությունների  ղեկավարներին եւ բաժնետերերին  առաջարկել համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի բացասական հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլեր։

Ուղերձը մշակվել է՝ հիմք ընդունելով Կորպորատիվ կառավարման միջազգային ցանցի կողմից կորպորատիվ աշխարհի լիդերներին ուղղված նմանատիպ հայտարարությունը։

Միաժամանակ, Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի կողմից փորձ է արվել առաջարկվող միջոցառումները հնարավորինս հարմարեցնել հայկական իրականությանը։

Ուղերձի հիմնական հաղորդագրությունները

•    Կառավարման գերակայություններ ընկերությունների համար

1.    Սոցիալական պատասխանատվություն

Ընկերություններն իրենց աշխատակիցների նկատմամբ պետք է դրսեւորեն արդար մոտեցում՝ ապահովելու համար բոլոր աշխատակիցների առողջությունը եւ բարեկեցությունը։

2.    Ղեկավարների վարձատրություն

Ղեկավարների, այդ թվում՝ խորհրդի անդամների վարձատրության քաղաքականությունը պետք է արտացոլի ընդհանուր աշխատուժի իրավիճակը, հատկապես հաշվի առնելով աշխատակիցների կրճատումները, հարկադիր պարապուրդի ծրագրերը, վճարովի արձակուրդների նվազեցումները եւ պարգեւավճարները։ Նույնիսկ տվյալ ճգնաժամի պարագայում լավ արդյունքներ դրսեւորող ղեկավարների համար ընկերության երկարաժամկետ ֆինանսական կենսունակության ապահովումը պետք է գերակայի պարգեւավճարների ստացման նկատմամբ։

3.    Շահաբաժիններ

Համավարակի արդյունքում տուժած ընկերություններում շահաբաժինների վճարումները պետք է էապես նվազեցվեն կամ ընդհանրապես դադարեցվեն։ Սա հատկապես կարեւոր է, երբ ընկերության եկամուտները նվազել են եւ վտանգված է ընկերության ֆինանսական կայունությունը, որն էլ իր հերթին ազդում է աշխատակիցների, մատակարարների եւ այլ շահառուների վրա։ Միեւնույն ժամանակ, եթե ընկերություններն ի վիճակի են վճարել շահաբաժիններ առանց վտանգելու ընկերության երկարաժամկետ ֆինանսական կայունությունը, ապա շահաբաժինների վճարումները պետք է շարունակվեն։  

4.    Կապիտալի ներգրավում

Ողջունելի են ընկերությունների այն գործողությունները, որոնք ուղղված են կապիտալի ներգրավման առավել արդյունավետ մոտեցումների կիրառմանը, միեւնույն ժամանակ վերահաստատելով այն նախընտրությունը, որ նոր կապիտալի ցանկացած ներգրավման առաջարկ պետք է առաջին հերթին ուղղվի ընկերության առկա բաժնետերերին՝ վերջիններիս բաժնեմասնակցության տարալուծումը հնարավորինս կանխելու նպատակով։

5.    Տարեկան ընդհանուր ժողովներ եւ Ղեկավարների ընտրություն

Շատ ընկերություններ COVID-19 համավարակի պայմաններում ֆիզիկական ժողովների փոխարեն իրենց տարեկան ընդհանուր ժողովներն անցկացնում են առցանց տարբերակով։ Մենք հորդորում ենք ընկերություններին առավել ակտիվ աշխատել բաժնետերերի  հետ եւ ապահովել նրանց հարցերի պատասխանները։ Նշված իրադրությունը պահանջում է ընկերության գործունեությանը եւ երկարաժամկետ ռազմավարությանը քաջատեղյակություն, ինչպես նաեւ կարող է պահանջել ղեկավարի (խորհրդի անդամի) պաշտոնավարման երկարաձգում որոշակի ժամկետով՝ այս դժվարին ժամանակներում կայունություն ապահովելու նպատակով։

6.    Կորպորատիվ հաշվետվություններ

Խնդիրներին դիմակայելու ունակությունը, ի լրումն կայուն արժեքների ստեղծման, հանդիսանում է նոր գերակայություն: Բաժնետերերը, ներդրողները եւ աուդիտորները ընկերություններին քաջալերում են հրապարակել, թե ինչպես են իրենք պայքարում  COVID-19 համավարակի դեմ՝ նախընտրելիորեն դա արտացոլելով տարեկան հաշվետվություններում։



•    Կառավարման գերակայություններ բաժնետերերի (ներդրողների) համար

1. Երկարաժամկետ հեռանկար

Բաժնետերերը կորպորատիվ կառավարման հարցերում պետք է որդեգրեն երկարաժամկետ համակարգային մոտեցումներ՝ հիմնվելով ֆիդուցիար պարտականությունների վրա։ Գիտակցելով, որ եկամտաբերության  կորուստը խիստ ցավալի է լինելու, բաժնետերերը պետք է պատրաստ լինեն համակերպվել  շուկայական գների եւ շահաբաժինների նվազման հետ, միջոցներն ուղղելով ճգնաժամի պայմաններում ֆինանսական կայունության պահպանմանը եւ  կենտրոնանալով կոնկրետ ընկերությունների, ինչպես նաեւ ֆինանսական շուկաների, սպառման շուկաների եւ տնտեսության երկարաժամկետ կայունության վրա։  

2. Կլիմայի փոփոխություններ

Գիտակցելով, որ COVID-19 հանդիսանում է անմիջական ռիսկ եւ պետք է լինի գերակա, միեւնույն ժամանակ բաժնետերերը պետք է շարունակեն պահանջել խորհուրդներից բացահայտել, թե ինչպես են ընկերությունները կլիմայի փոփոխության հետեւանքները ներառում իրենց բիզնես մոդելներում եւ ռիսկերի կառավարման համակարգերում: Ընկերությունները  պետք է ապահովեն կլիմայի փոփոխությունների հետեւանքների  պատշաճ նույնականացում, մշտադիտարկում եւ կառավարում։

3. Կապիտալի տեղաբաշխում

Ներդրողները պետք է ակնկալեն, որ կապիտալի տեղաբաշխման որոշումները կայացվելու են երկարաժամկետ ռազմավարության համատեքստում՝ արտացոլելով ընկերության ֆինանսական վիճակը, կատարողականը եւ բիզնես մոդելը։ Դա պահանջելու է հաշվի առնել շահակիցների շահերը եւ կապիտալ տրամադրողների պահանջները, միեւնույն ժամանակ պաշտպանելով ընկերության ֆինանսական կենսունակությունը եւ վճարունակությունը։

4. Համապարփակ մշտադիտարկում

Ներդրողները պետք է ցուցաբերեն ճկունություն եւ օժանդակեն ընկերություններին, սակայն եւ հետեւեն, որպեսզի տեղ չգտնեն կորպորատիվ կառավարման ստանդարտներից էական շեղումներ։ Ընկերությունները պետք է գնահատվեն՝ հիմնվելով իրենց անհատական հանգամանքների, ֆինանսական կատարողականի եւ երկարաժամկետ պոտենցիալի վրա։ Առկա ճգնաժամի պայմաններում դժվարություններ ունեցող ընկերություններին պետք է տրվի առաջնահերթություն:

5. Կայունություն

Ներդրողները պետք է քաջալերեն ընկերությունների երկարաժամկետ կատարողականը եւ կայուն հաջողությունը: Նրանք նաեւ պետք է քաջալերեն այն, որ ներդրումների կայացման որոշումներում եւ ռեսուրսների կառավարման գործընթացներում ինտեգրվեն շրջակա միջավայրի, սոցիալական եւ կառավարման էական բաղադրիչները։

Տնօրենների հայկական ինստիտուտը հասարակական կազմակերպություն է, որը նպատակ է հետապնդում՝

- նպաստել հայկական ընկերությունների տնօրենների խորհրդի՝ որպես կառավարման մարմնի, կայացմանը եւ արդյունավետության բարձրացմանը,
- նպաստել Հայաստանում տնօրենների արհեստավարժության, փորձառության եւ կարգավիճակի բարելավմանը,
- աջակցել տնօրեններին իրենց գործունեությանն առնչվող հարցերում:
Դիտում՝ 3451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW