Success Rockets. Ռուսաստանյան տիեզերական բիզնես նախագիծը

22.06.2020 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Success Rockets #Օլեգ Մանսուրով #հրթիռ
Ռուսաստանյան մասնավոր ներդրողների խումբը նախատեսում է մշակել գերթեթեւ հրթիռ-կրիչ.  Success Rockets անվանումը կրող նախագծում նախատեսվում է ներդնել $50 մլն։

Այս մասին «Վեդոմոստի» պարբերականին պատմել է նախագծի ղեկավար Օլեգ Մանսուրովը, նշելով, որ ներկայումս նախագիծն ունի երեք ներդրող՝ գործարարներ նավթային, ՏՏ եւ շինանյութերի արտադրության ոլորտներից։ Հրթիռի մշակման առաջին փուլում նրանք մտադիր են ներդնել 300 մլն ռուբլի։ Նախատեսվում է ներգրավել նաեւ այլ ներդրողների, ինչպես նաեւ քրաուդֆանդինգային ընկերություն։

Ռուսաստանում գերթեթեւ հրթիռներ երբեւիցե չեն արտադրվել։ Նախատեսվում է, որ 20 մետր երկարությամբ հրթիռի քաշը կկազմի 13 տոննա, այն կկարողանա ուղեծիր հասցնել 250 կիլոգրամից ոչ պակաս բեռ։ Խնդիր է դրված, որպեսզի ուղեծիր հասցվող 1կգ բեռի արժեքը չգերազանցի $10 000-ը, ինչը թույլ կտա հրթիռին մրցունակ լինել գլոբալ շուկայում։

Առաջին առեւտրային գործարկումը նախատեսվում է իրականացնել արդեն 2024թ.։ Փոքր տիեզերանավերի նկատմամբ պահանջարկը, ներառյալ ՏՏ ընկերությունների կողմից, անընդհատ աճում է, թվային տեխնոլոգիաներն ակտիվորեն զարգանում են եւ ուղեծիր դուրս գալու արագ եղանակներ են պահանջում: Ռուսաստանում ապագա հրթիռի ծառայություններից կարող է օգտվել նաեւ «Ռոսկոսմոս»-ը. վերջինիս «Սֆերա» նախագիծը կպահանջի հարյուրավոր փոքր հրթիռների թռիչքներ:

Մանսուրովը հայտնի է որպես «Թվային ճեղքում» ՏՏ մրցույթի կազմակերպիչ, իրեն պատկանող «Ակտում» ընկերությունը նաեւ հաքաթոններ է կազմակերպում այնպիսի խոշոր ընկերությունների համար, ինչպիսիք են «Վնեշէկոնոմբանկ»-ը, «Գազպրոմ նեֆտ»-ը, «Սիբուրը»-ը, «Մեգաֆոն»-ը։ Մանսուրովի խոսքով՝ մասնավոր միջոցներով հրթիռի մշակման գաղափարը քննարկվում է տարբեր ներդրողների հետ արդեն հինգ տարի։

Որոշ գնահատականներով՝ գերթեթեւ հրթիռների նկատմամբ պահանջարկը կազմում է տարեկան 12-15  թռիչք՝ յուրաքանչյուրի արժեքը $4-5 մլն։ Սակայն արժեքի մինչեւ $3 մլն եւ ավել նվազման դեպքում պահանջարկը կարող է կտրուկ աճել՝ տարեկան մինչեւ 50 թռիչք։

Աշխարհում գերթեթեւ հրթիռ-կրիչների մշակման մի քանի տասնյակ նախագիծ կա։ Բոլորից առաջ է անցել Electron հրթիռը մշակած ամերիկյան RocketLab ընկերությունը։ Այն կարող է ցածր ուղեծիր հասցնել մինչեւ 150 կգ բեռ, որի մեկ թռիչքի արժեքը կազմում է $6 մլն։ Մինչ օրս իրականացվել է երեք թռիչք։ Մշակողներից շատերը գտան, որ չեն կարողանա մրցակցել RocketLab-ի հետ եւ այդ պատճառով որոշ նախագծեր կանգնեցվեցին։

«Նախագիծն իրագործվելի է, սակայն պետական աջակցության պայմանով, որը պետք է կայանա ԽՍՀՄ ժամանակներից տեխնոլոգիաներին հասանելիություն տրամադրելու, «Ռոսկոսմոս»-ի ձեռնարկություններից աշխատակիցների ներգրավելու, ինչպես նաեւ փորձարկային բազային եւ տիեզերական կայաններին հասանելիություն տրամադրելու միջոցով»,- նշել է Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի թղթակից անդամ Անդրեյ Իոնինը:

Նա ասել է, որ պետական աջակցության այս երեք եղանակներն են օգնել Իլոն Մասկին եւ իր SpaceX ընկերությանը հասնել նման հաջողությունների։ Արդեն երկրորդ փուլում SpaceX-ը սկսեց աջակցություն ստանալ թանկարժեք ռազմական պատվերների հաշվին։ Եվ միայն ապացուցելով իր արդյունավետությունը՝ այն ստացավ Crew Dragon տիեզերանավի մշակման համար NASA-ի պայմանագիրը։
Դիտում՝ 4338
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW