Կառավարության 20-րդ միջոցառումով աջակցություն կստանա 36 800 քաղաքացի

18.06.2020 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Բաթոյան #Նիկոլ Փաշինյան #աջակցություն
Կառավարությունն այսօր ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ այս միջոցառման բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ, այն վերաբերելու է շուրջ 36 800 աշխատողի։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով:
 
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին։

Տուժած ոլորտներ են համարվում գործունեության հետեւյալ տեսակները՝

- հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ
- հանրային սննդի ծառայություններ
- զբոսաշրջային ծառայություններ
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն
- կինոթատրոնների գործունեություն
- լուսանկարչության բնագավառում գործունեություն
- ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում
- ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
- խաղատների գործունեություն

Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40%։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։

Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020թ. մարտի 1-ից մինչեւ հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020թ. հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։ Աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։

Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020թ. գործունեություն են ծավալել Տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020թ. 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Կառավարության նիստում քննարկում է ծավալվել նախագծի այն կետի վերաբերյալ, որ հրապարակվելու է միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը։ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասել է, որ անձնական տվյալների պաշտպանության խնդիր կարող է առաջանալ։

Նշվել է, որ էլեկտրոնային դիմումը լրացնելիս կա վանդակ, որով շահառուն պետք է հաստատի, որ համաձայն է իր տվյալների հրապարակմանը, առանց դրա չի կարող ավարտել դիմումը։

«Ով չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակվի, թող չդիմի այս օգնության համար, եթե դուք մեծահարուստ չեք, ապա ոչ մի պատճառ չունեք արձանագրելու, որ տուժած ոլորտի աշխատող եք եւ կառավարությունը կանգնում է ձեր կողքին»,- նշել է վարչապետը։

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառման դիմումները հնարավոր կլինի ներկայացնել հունիսի 22-ից, հետեւյալ հղումով։
Դիտում՝ 2169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW