Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեղադրում է Facebook-ին եւ Instagram-ին իր անունից գործարկվող խարդախ սխեմաների գովազդի միջոցով գումար աշխատելու մեջ։«Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Facebook եւ Instagram ընկերություններն իմ անունից գործարկվող խարդախ սխեմաների գովազդի վրա գումար են աշխատում»,- նախօրեին գրել է Դուրովն իր Telegram-ում՝ հավելելով, որ այդ սխեմաները հավանության են արժանանում Facebook-ի մոդերատորների կողմից եւ ստանում գովազդային հայտարարությունների պաշտոնական կարգավիճակ՝ դրանով իսկ մոլորության մեջ մտցնելով մարդկանց։«Գումար կորցրած անձանց մեջ են տարեց մարդիկ եւ թոշակառուներ։ Նման խաբեության վերջին դեպքը նկարագրված է ԶԼՄ-ներում այսօր, սակայն Facebook-ի կողմից լիազորված խարդախության մասին հաղորդագրությունները հայտնվել են դեռեւս մեկ տարի առաջ։Չնայած օգտատերերի բազմաթիվ բողոքներին եւ վրդովմունքներին, Facebook-ն ու Instagram-ը շարունակեցին առաջ մղել նման հայտարարություններն անցած տարի աշնանն ու այս տարի գարնանը։Մենք բազմիցս հայտարարել էինք, որ ոչ ես, ոչ Telegram-ը չենք առաջարկում մարդկանց գումար աշխատելու եղանակներ, սակայն Facebook-ը չդադարեց տեղադրել իմ անունի տակ քողարկվող կեղծ նախագծերի գովազդ։Իրավիճակը, երբ Facebook-ը մեկ տարուց ավել արհամարհում է բողոքները՝ գումար աշխատելով օգտատերերի ֆինանսական անփորձության հաշվին, անթույլատրելի է։ Դատելով այն արագությունից, որով մոդերատորների ռուսալեզու թիմը իրականացնում է քաղաքական գրաքննություն, ընկերության մոտ պետք է որ բավարար ռեսուրսներ լինեին գովազդային հայտարարությունները գնահատելու համար։Facebook-ի շահերից է բխում՝ սկսել պատասխանատու կերպով վերաբերվել սեփական գովազդային հարթակին մինչեւ շաբաթվա վերջ։ Ես նաեւ հույս ունեմ, որ ընկերությունը կփոխհատուցի իր օգտատերերին այն վնասը, որը հասցվել է ընկերության մոդերատորների գործողություններով։Եթե դա տեղի չունենա, կոչ եմ անում Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերին պահպանել ընկերության կողմից գովազդային խարդախ հայտարարությունների տարածման դեպքերը։ Նման վկայություններն այս պարագայում կարող են պահանջված լինել դատական հնարավոր գործընթացների շրջանակում»,- նշել է Պավել Դուրովը։ Tweet Դիտում՝ 4248