2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից ի վեր՝ վերջին երկու տարիների ընթացքում սոցիալական ոլորտի գծով բյուջետային հատկացումներն ավելացել են 75,4 մլրդ դրամով կամ 18,1 տոկոսով: Այս մասին Կառավարությունում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2019թ․ գործունեության հաշվետվության լսումների ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը։Նախարարը նաեւ զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարության հետազոտության եւ առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ է սահմանվել 68 հազար դրամը: Նա նաեւ զեկուցել է, որ ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումների մեղմման, ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նպատակով վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ առաջին եւ երկրորդ երեխայի համար սահմանելով 300 հազար դրամ՝ նախկինում սահմանված 50 հազար եւ 150 հազար դրամի փոխարեն: Վերանայվել է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 26 հազար 500 դրամ՝ նախկինում սահմանված 18 հազար դրամի փոխարեն։ Մշակվել է «Երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը»։2019-ին ավելացել են շուրջ 89 հազ. 300 քաղաքացիների նպաստների, զինվորական եւ աշխատանքային կենսաթոշակների չափերը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելով ներդրվել է նոր՝ «Նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը, եւ Կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվել է ծայրահեղ աղքատության գծին հավասար: Tweet Դիտում՝ 2084