ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով շահութահարկ վճարողները կազատվեն 2020թ. 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ օրինագծով ամբողջությամբ վերանայվում է նաեւ շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20%-ի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2%-ի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։«Տնտեսվարողներն այլեւս ստիպված չեն լինի ամեն տարի մինչեւ մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետեւանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից: Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն եւ տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր։»,- ասել է Բաբկեն Թունյանը:ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել է, որ օրինագծի՝ արտահերթ ռեժիմով խորհրդարան բերելու հապճեպությունը պայմանավորված էր նրանով, որ երկրորդ անգամ շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Tweet Դիտում՝ 2783